Մատչելիության հղումներ

Դատավորը անցել է խորհրդակցական սենյակ՝ Գեղամ Պետրոսյանի գործով որոշում կայացնելու


Ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյան, արխիվ

Օրերս ձերբակալված, այսօր էլ մեղադրյալի կարգավիճակ ստացած ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանն այսօր դատարանի միջանցքում ի պատասխան «Ազատության» հարցի՝ հայտարարեց՝ մեղադրանքը չի ընդունում։

Մարտի 1-ի հետընտրկան արյունալի իրադարձությունների ժամանակ զոհված Զաքար Հովհաննիսյանի սպանության համար մեղադրվող Գեղամ Պետրոսյանին մեկուսարանից դատարան էին բերել, որպեսզի մասնակցի Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) միջնորդության քննարկմանը՝ իրեն երկու ամսով կալանավորելու վերաբերյալ։ Դատարանն այսօր քննարկեց ինչպես ՀՔԾ միջնորդությունը, այնպես էլ Պետրոսյանի պաշտպանի բողոքն ընդդեմ ձերբակալման մասին որոշման։ Դատավոր Գագիկ Պողոսյանն անցել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Մարտի 1-ի գործը քննող Հատուկ քննչական ծառայությունն այսօր ավելի վաղ մեղադրանք էր առաջադրել Գեղամ Պետրոսյանին քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանք կատարելու՝ հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար։

Դատարանում Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ գործում վկաներից մեկը պատմել է, որ 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ ցուցարարը՝ այսինքն Զաքար Հովհաննիսյանը հարձակվել է Գեղամ Պետրոսյանի վրա։

«Իբրև թե նա փորձել է հարվածել, սա էլ իբրև թե կրակել է։ Այսինքն վկան ցուցմունք է տալիս, որ ասում է՝ «ես տեսա՝ ուզում էր խփեր գլխին, արդեն պիտի խփեր գլխին, էդ պահին կա՛մ նա պիտի խփեր նա մահանար, կա՛մ սա պիտի կրակեր», - ասաց Գևորգյանը։

Փաստաբանի պնդմամբ՝ Գեղամ Պետրոսյանի ձերբակալությունը իրավաչափ չէ։ Ըստ Պետրոսյանի պաշտպանի՝ դատաձգաբանական փորձաքննություն չի արվել և հայտնի չէ, թե ինչ ատրճանակի մասին է խոսքը, զենքն էլ հայտնաբերված չէ։

«Ասում են ատրճանակով կրակել է, բայց այդպիսի ատրճանակ չկա, հայտնաբերված չի, նաև պարկուճը, գնդակը հայտնաբերված է, հայտնաբերվելուց հետո փորձաքննություն չի նշանակվել, բերեն զենքը հայտնաբերեն, բերեն նույնականացում անեն, տեսնեն էդ զենքից կարո՞ղ էր կրակել էդ գնդակը, թե՞ ոչ և այլ լիքը հարցեր կան», - նշեց Վաղարշակ Գևորգյանը։

Մարտի 1-ի տուժողներից մեկի փաստաբան, Մարտի 1-ի նախկին փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանն «Ազատությանը» երեկ պատմել էր՝ հեղափոխությունից հետո բարձրաստիճան ոստիկանը ցուցմունք էր տվել, որ քննչական խմբի այժմ նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հետ ապացույցներ է կեղծել, փամփուշտներ փոխել՝ խնդիր են ունեցել թաքցնել զորքի մասնակցությունը:

«Այս քրեական գործի շրջանակներում Հատուկ քննչական ծառայությանը հաջողվել է պարզել, որ, այո, նա փաստահավաք խմբում ստել է, նա ստել է նաև 2008 թվականին ցուցմունքեր տալու ժամանակ։ Ստել է, որ զորքը ի սկզբանե մասնակից է եղել այս ամենին, նա այս կապակցությամբ ցուցմունքներ է տվել և հայտնել է, որ այդ ժամանակ պետք է չերևար, որ զորքը մասնակցել է, իսկ դա խոսում է այն մասին, որ շատ լավ էլ հասկացել է իշխանությունը, որ զորքի ներքաղաքական կյանքում [ներգրավվածությունը] օրինական չէ, դրանով նաև ամրացրել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների մեղադրանքը։ Ուզում եմ ասել, որ եթե Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ սա իր դեմ ուղղված ցուցմունք չէ պիտի լավ ուսումնասիրեն ու կտեսնեն, որ ամբողջությամբ իր դեմ ուղղված է», - ասաց Սաֆարյանը։

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն «Ազատության» հետ զրույցում շեշտեց՝ Մարտի 1-ի գործը ընթացք է ստացել իշխանափոխությունից հետո և եթե անգամ քննությունը չկարողանա պարզել, թե կոնկրետ ովքեր են սպանել մարդկանց, գործը միևնույն է առաջ է գնացել՝ մեղադրյալի կարգավիճակ են ստացել երկրորդ նախագահն ու նրա թիմի ներկայացուցիչները։

«Շատ ավելի լավ է, քանի որ սա դարձել էր շահարկման առիթ, շատ ավելի լավ է, որ հիմա նաև գտնվել են նրանք, ովքեր անձամբ գնդակահարել են այդ քաղաքացիներին։ Մենք երբեք էլ չենք ասել, որ Ռոբերտ Քոչարյանը անձամբ ավտոմատը ձեռքը առած վազել է փողոցներով և մարդկանց է գնդակահարել, ոչ, նա ընդամենը իր հրամանագրով և իր հրամաններով սկսել է մի հանցավոր գործընթաց, որի ընթացքում նման սպանություններ տեղի ունեցել են։ Անկախ նրանից կոնկրետ անհատական կատարողները կպարզվեն, թե չէ, Ռոբերտ Քոչարյանի մեղքը կոնկրետ արդեն ապացուցված է», - ընդգծեց Զուրաբյանը։

2008-ի հետընտրական իրադարձությունների հետևանքով 10 մարդ զոհվեց, այդ թվում՝ ոստիկանության 2 ծառայող։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG