Մատչելիության հղումներ

Դատարանը մերժել է Վահագն Հարությունյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը. փաստաբան


Վահագն Հարությունյան, արխիվ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժել է Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու քննիչի միջնորդությունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հարությունյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։

2008-ի մարտյան արյունալի իրադարձությունների գործը քննած նախկին քննչական խմբի ղեկավարին սկզբում մեղադրանք առաջադրվեց «Մարտի 1»-ի գործով կարևոր ապացույցներ կեղծելու մեջ։ Իսկ արդեն 2018-ի դեկտեմբերի 26-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց, որ լրացրել է մեղադրանքը, և Հարությունյանը նաև մեղադրվում է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։

Սկզբում դատարանը նրան կալանավորելու որոշում էր կայացրել, ինչից հետո Վերաքննիչ դատարանը վերացրել էր այս որոշումը։ Սակայն առաջին ատյանի դատարանը դեկտեմբերի 30-ին բավարարեց Հատուկ քննչական ծառայության միջնորդությունն ու Հարությունյանին կալանավորելու որոշում կայացրեց, նրա նկատմամբ հետախուզում հայտարարվեց։

Փետրվարի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց Վահագն Հարությունյանի կալանավորման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումն ու գործն ուղարկեց նույն դատարան՝ նոր քննության:

Նշենք, որ մինչև գործով որպես մեղադրյալ ներգրավվելը Հարությունյանը մեկնել է Մոսկվա։ Նա դեռևս այս տարվա հունվարին ասել էր, որ Հայաստան վերադառնալ չի պատրաստվում, քանի որ Մոսկվայում բուժումը չի ավարտել։

Հարությունյանը շինծու է որակում իրեն առաջադրված մեղադրանքը՝ պնդելով, թե իրեն հետապնդման են ենթարկում։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG