Մատչելիության հղումներ

Դատարանը կրկին բավարարել է Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը


Առաջին ատյանի դատարանը դեկտեմբերի 30-ին բավարարել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունն ու որոշում է կայացրել կալանավորել Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին։ Այս լուրը «Ազատության» հետ զրույցում հաստատեց Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Հարությունյանը, մինչդեռ, այս պահին Հայաստանում չէ և գտնվում է միջազգային հետախուզման մեջ։ Նա մեղադրվում է Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելու մեջ։

Առաջին անգամ նրան կալանավորելու որոշում էր կայացվել դեռ անցած տարվա նոյեմբերի 2-ին, իսկ մոտ մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 13-ին, Վերաքննիչ դատարանը բեկանել էր ստորադաս ատյանի որոշումն ու վերացրել էր Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարի կալանքը։

Վահագն Հարությունյանը, ով առողջական պատճառներով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Դեռ դեկտեմբերին վերջին Հատուկ քննչական ծառայությունը լրացրել էր Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի մեղադրանքը: Բացի գործով կարևոր ապացույցներ կեղծելու մեղադրանքից, Հարությունյանն արդեն մեղադրվում է նաև անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG