Մատչելիության հղումներ

Պաշտպանը «ապօրինության հերթական դրսևորում» է որակում Հարությունյանին կալանավորելու որոշումը


Վահանգ Հարությունյան, արխիվ:
Վահանգ Հարությունյան, արխիվ:

«Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշումը նրա պաշտպան Միհրան Պողոսյանը հետապնդում է որակում։

Փաստաբանն «Ազատությանն» ասաց, թե մամուլից է տեղեկացել, որ դեռ դեկտեմբերի 30-ին առաջին ատյանի դատարանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունն ու Հարությունյանի նկատմամբ կրկին կալանավորումն է ընտրել որպես խափանման միջոց։

Պողոսյանն ասաց, որ ինքը նիստի մասին իրազեկված չի եղել և մտադիր է բողոք ներկայացնել վերաքննիչ դատարան․ - «Ես սա գնահատում եմ որպես ապօրինության հերթական դրսևորում: Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է, որ դատական նիստի մասին ծանուցում իրականացնելու պարտականությունը դատարանն է իրականացնում: Էս պարագայում դատարանից որևէ նշույլ, որ ակնկալվող դատական նիստ կա և այլն․․․ բացարձակապես»:

Դատարանը, ըստ փաստաբանի, խախտել է պաշտպանության իրավունքը։ Նա տեղեկացրեց, որ արդեն դիմել է առաջին ատյանի դատարան՝ որոշում ստանալու ու կալանքի հիմքերը հասկանալու համար։

Հարությունյանի պաշտպանը այս գործելաոճում միտում է տեսնում․ - «Միտումը ակնհայտ է՝ մեկուսացնել պաշտպանական կողմին էս միջնորդության քննարկումից, որպեսզի մեկուսացված լինելու պարագայում իրենց հաճո որոշում կայացվի»:

Ի սկզբանե Հարությունյանը մեղադրվեց «Մարտի 1-ի» գործով կարևոր ապացույցներ կեղծելու մեջ։ Ըստ ՀՔԾ-ի, 2008-ի մարտյան արյունալի իրադարձությունների ժամանակ Զինված ուժերի կողմից կրակված շուրջ 1000 պարկուճները փոխարինվել են Ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի այլ հրազեններից կրակված պարկուճներով՝ հենց Հարությունյանի ցուցումով։

Նրան առաջադրված մեղադրանքը տարեվերջին լրացվեց ու այժմ Հարությունյանն այժմ մեղադրվում է ևս երկու հոդվածներով՝ անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահումն ու բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը։

Միհրան Պողոսյանն այսօր նաեւ հայտարարեց, որ ծանոթ չէ նաև լրացված մեղադրանքին ու դրանց հիմքերին․ - «Այսօր դատարանին դիմում եմ ներկայացրել՝ արդեն իսկ ծանոթանալու, թե ինչ լրացուցիչ նյութեր են ներկայացվել դատարանին: Դատարանից ստանալուց հետո արդեն կկարողանանք դիրքորոշում հայտնել: Մեր ամբողջ թնջուկը կայանում է նրանում, որ մեզ զրկել նաև նոր մեղադրանքին ծանոթանալու հնարավորությունից»:

Ինքը՝ հետախուզման մեջ գտնվող Հարությունյանը այժմ Ռուսաստանում է։ Նա Հայաստանից հեռացել էր դեռ մինչև քրեական գործ հարուցումը։

Հարցին, թե չի պատրաստվում արդյոք նախկին պաշտոնյան վերադառնալ հայրենիք ու ներկայանալ նախաքննական մարմնին, փաստաբանն արձագանքեց․ - «Ես, որպես պաշտպան, իրեն խորհուրդ եմ տալու վերադառնալուց առաջ ծանր ու թեթև անել, թե Հայաստան ինչ ակնկալիքով է վերադառնում, ինչպիսի արդարադատության համակարգի հետ բախվելու ակնկալիքով»:

Պողոսյանի ունեցած տեղեկություններով, Վահագն Հարությունյանը շարունակում է Մոսկվայում բուժում ստանալ: Նա հավելեց, որ առողջական խնդիրները կարագավորելուց հետո իր պաշտպանյալը պատրաստակամ է վերադառնալ հայրենիք, նա նախաքննությունից չի խուսափելու։

Պաշտպանական կողմը բողոքարկել է նաև Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշումը։ Ըստ Պողոսյանի, սակայն, նախորդ երկու դատական նիստերին մեղադրող կողմից չեն ներկայացել։

Հիշեցնեմ, որ «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նախկին ղեկավարին առաջին անգամ կալանավորելու որոշում էր կայացվել դեռ անցած տարվա նոյեմբերի 2-ին, իսկ մոտ մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 13-ին, Վերաքննիչ դատարանը բեկանել էր ստորադաս ատյանի որոշումն ու վերացրել էր Հարությունյանի կալանքը։

XS
SM
MD
LG