Մատչելիության հղումներ

Էրդողանը Թրամփին կրկին առաջարկել է C-400-ի հարցով աշխատանքային խումբ ստեղծել


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի կողմից Ռուսաստանից C-400 (S-400) հրթիռային համակարգերի ձեռքբերման գործարքի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Ըստ Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության, Էրդողանը Թրամփին կրկին առաջարկել է այս հարցով աշխատանքային խումբ ստեղծել։

Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության ղեկավարը չի ասել՝ արդյոք Թրամփն ընդունե՞լ է Էրդողանի առաջարկը, թե՞՝ ոչ։ Նա միայն նշել է, որ երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են բանակցություններ անցկացնել Ճապոնիայում հունիսի վերջին կայանալիք Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել էր, թե Միացյալ Նահանգները համարում է, որ այս գործարքը ռուսական կողմի ռազմավարական հնարքն է, որի նպատակն է բաժանել իրարից Արևմուտքն ու Անկարան։

Ավելի վաղ CNBC-ն, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ պաշտոնական Վաշինգտոնը Անկարային վերջնագիր է ներկայացրել` պահանջելով երկու շաբաթվա ընթացքում՝ մինչև հունիսի առաջին շաբաթվա վերջը, հրաժարվել ռուսական С-400 հրթիռային համակարգից, հակառակ դեպքում Միացյալ Նահանգները սպառնացել է դուրս գալ F-35 ռազմական օդանավերի վերաբերյալ թուրք-ամերիկյան ծրագրից և պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ամերիկյան հեռուստաընկերության այս տեղեկությունը մեկնաբանելով ասել է, թե Կրեմլը հաշվի է առնում միայն Թուրքիայի իշխանությունների հայտարարություններն այս գործարքի մասին և համարում է, որ C-400 հրթիռների շուրջ գործարքն արդեն իրագործվում է։

Հավելենք նաև, որ Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարը մայիսի 22-ին հայտարարել էր, թե Անկարան չի հրաժարվի Ռուսաստանի հետ C-400-ի շուրջ գործարքից, և որ թուրքական կողմն արդեն Ռուսաստան է ուղարկել ռազմական մասնագետների՝ C-400-ն ուսումնասիրելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG