Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարը այսօր Անկարայում հայտարարել է, որ ամերիկյան կողմի հետ բանակցություններում ռուսական C-400 (S-400) հրթիռային համակարգի ձեռքբերման հարցում կա առաջընթաց, սակայն սրա հետ մեկտեղ նաև ասել է, թե Անկարան պատրաստվում է ամերիկյան հնարավոր պատժամիջոցներին և ռուսական գործարքից չի հրաժարվի։
Աքարը նշել է, որ Թուրքիան ներկայումս ուսումնասիրում է Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի վաճառքի վերաբերյալ Միացյալ Նահանգների վերջին առաջարկը, սակայն միաժամանակ արդեն այսօր Ռուսաստան է ուղարկել թուրք ռազմական մասնագետների` C-400-ը ուսումնասիրելու համար:
«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, մենք պայմանագիր ենք կնքել և մտադիր ենք իրականացնել այն», - ասել է այսօր Թուրքիայի պաշտպանության նախարարը։ Աքարն ընդգծել է, որ Թուրքիան իր 82-միլիոնանոց բնակչությանը պաշտպանելու համար ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերի կարիք ունի:
Ավելի վաղ CNBC-ն, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ պաշտոնական Վաշինգտոնը Անկարային վերջնագիր է ներկայացրել` պահանջելով երկու շաբաթվա ընթացքում՝ մինչև հունիսի առաջին շաբաթվա վերջ, հրաժարվել ռուսական С-400 հրթիռային համակարգից, հակառակ դեպքում Միացյալ Նահանգները սպառնացել է դուրս գալ F-35 ռազմական օդանավերի շուրջ թուրք-ամերիկյան ծրագրից և պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ամերիկյան հեռուստաընկերության այս տեղեկությունը մեկնաբանելով ասել է, թե Կրեմլում ցանկացած վերջնագրի բացասաբար են վերաբերվում։ Պեսկովը նաև հավելել է, որ Կրեմլը, հաշվի առնելով Թուրքիայի իշխանությունների հայտարարությունները, համարում է, թե C-400 հրթիռների շուրջ գործարքն արդեն իրագործվում է։
Վաշինգտոնը, իր հերթին, համարում է, որ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր պետությունները պետք է ձեռք բերեն դաշինքում ընդունված ստանդարտներին համապատասխան սպառազինություն, իսկ ռուսական հրթիռային համակարգն այդ ստանդարտներին չի համապատասխանում։ Վաշինգտոնը փոխարենը Անկարային առաջարկում է ձեռք բերել Patriot համակարգը։
C-400-ը մեծ և միջին հեռահարության հակաօդային հակահրթիռային համակարգ է, որն ի զորու է ոչնչացնել բալիստիկ հրթիռներ և կարող է օգտագործվել նաև ցամաքային թիրախների դեմ:
Ավելի վաղ, «Ինտերֆաքս» լրատվական գործակալության համաձայն, մայիսի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, թե թուրքական կողմը մտադիր է նաև մասնակցել ռուսական C-500-ի արտադրությանը:
C-400-ի շուրջ ռուս-թուրքական գործարքը, հիշեցնենք, արժե 2,5 միլիարդ դոլար, և այդ հրթիռների տեղակայումը պետք է սկսվի արդեն առաջիկա ամիսներին: