Մատչելիության հղումներ

ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարները դեմ չեն, որպեսզի վեթինգ իրականացվի նաև իրենց կառույցներում


Ուժային կառույցների ղեկավարները դեմ չեն, որպեսզի վեթինգ իրականացվի Ազգային անվտանգության ծառայությունում և ոստիկանությունում։

Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական համակարգի բարեփոխումներին նվիրված խորհրդակցությանը խոսել էր միայն դատավորների վեթինգի՝ զտման անհրաժեշտության մասին:

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց՝ վեթինգի պետք է ենթարկվեն բոլորը, անհրաժեշտության դեպքում՝ անձամբ ինքը:

Հայաստանի ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը ևս խնդիր չի տեսնում, որպեսզի նաև ոստիկանությունում վեթինգ իրականացվի, ասաց՝ ինքը «բացարձակապես» մտավախություն չունի։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը մայիսի 24-ին ԱԺ-ում անցումային արդարադատության հարցով լսումների ընթացքում նշել էր, թե փորձագիտական քննարկումների արդյունքում եկել են եզրահանգման, որ վեթինգ պետք է իրականցվի ոչ միայն դատական, այլ նաև իրավապահ մարմիններում:

Հարցին, թե արդյոք իրավապահ մարմիններում վեթինգ իրականացնելու անհրաժեշտություն կա, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ վեթինգ իրականացվում է այն կառույցներում, որոնք վստահություն չեն վայելում․ - «Անրաժեշտությունը ինչո՞վ ա պայմանավորված: Զանգվածային լրատվական միջոցները և սոցիոլոգիական հետազոտությունները պետք է ամրագրեն անհրաժեշտությունը: Այսինքն, տվյալ կառույցը վստահություն վայելո՞ւմ ա հասարակության շրջանում, թե՞ ոչ: Եթե կառույցը վստահություն ա վայելուն, անհրաժեշտություն չկա, եթե վստահություն չի վայելում տվյալ կառույցը, կամ վստահությունը շատ ցածր է, անհրաժեշտությունը տեսնում ենք: Եթե հասարակությունը, օրինակ, չի վստհում Ազգային անվտանգության ծառայությանը, միայն դրանով պայմանավորված կարող է իրականացվի վեթինգի գործընթաց: Եթե վստահություն վայելում ա տվյալ կառույցը, սակայն աշխատողները պրոֆեսիոնալ չեն, ստեղ վեթինգ չի իրականացվում, ուրիշ գործիքակազմ կա՝ վերապատրաստում, վերաուսուցում, մարդկանց պաշտոնների տեղափոխում, պաշտոնից ազատում: Վեթինգը ընդհանրապես կապ չունի, վեթինգը իրականացվում է, երբ որ տվյալ կառույցները վստահություն չեն ներշնչում հասարակությանը, և դա, որպես կանոն, արվում ա անցումային արդարադատության շրջանակում, որն էլ իրականացվում ա, որպես կանոն, հեղափոխությունից հետո»:

Լրագրողների հարցին, թե արդյո՞ք պատգամավորները ևս պետք է ենթարկվեն վեթինգի, իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Աժ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. - «Ես որևիցե խնդիր չեմ տեսնում որևիցե պաշտոնյայի նկատմամբ նման գործելաոճ կիրառելը։ Վերջիվերջո մենք բոլորս շատ լավ գիտենք, որ ՀՀ-ում ամենահարուստ մարդիկ, իրենց 99 տոկոսը եղել են պետական պաշտոնյաները. բոլոր ամառանոցները, թանկ մեքենաները ու անհասկանալի է, թե որտեղից է այդ գումարը: Ինչու չէ, եթե առաջարկ կա, կարող ենք քննարկել: Ես խնդիր չունեմ ընդհանրապես»:

Պաշտոնյաներն այսօր Սարդարապատի հուշահամալիրում մասնակցում էին Հանրապետության տոնին նվիրված միջոցառումներին: Թափանցիկության թեման իր ելույթում չշրջանցեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այսօրվա Հայաստանում տեղ չունի կոռումպացված ու ծախու պաշտոնյան։

XS
SM
MD
LG