Մատչելիության հղումներ

«Այս երեկոն՝ Վլադիմիր Պուտինի հետ»․ BBC-ն երգիծական թոք-շոու կհեռարձակի


BBC-ի «Այս երեկոն՝ Վլադիմիր Պուտինի հետ» հաղորդումը
BBC-ի «Այս երեկոն՝ Վլադիմիր Պուտինի հետ» հաղորդումը

Երգիծական թոք-շոու Վլադիմիր Պուտինի հետ՝ BBC-ի եթերում: Բրիտանական կորպորացիան խոստանում է հաջորդ ամիս արդեն եթեր հեռարձակել, ինչպես իրենք են մտերմաբար կոչում՝ Վլադի հարցազրույցները Մեծ Բրիտանիայի առաջատար քաղաքական գործիչների ու երևելի դեմքերի հետ: Հաղորդումը կկոչվի «Այս երեկոն՝ Վլադիմիր Պուտինի հետ»: Մինչ դրա հեռարձակումը՝ նախօրեին, BBC-ն տարածել է հաղորդման գովազդային հոլովակը. Ռուսաստանի նախագահի նմանությամբ պատրաստված տիկնիկը՝ Բուքինգհեմյան պալատի առաջ կանգնած, հայտարարում է՝ վերջապես հասել է իր աշխարհքաղաքական թիվ մեկ նպատակին:

«Ողջույններս Մեծ Բրիտանիայի ժողովրդին, ես Վլադիմիր Պուտինն եմ: Գիտե՞ք, երբ 1980-ականների վերջին ես ԿԳԲ-ի երիտասարդ աշխատակից էի, միակն էի, որ գիտեի Արևմուտքի արգելված հաճույքների՝ կապույտ ջինսերի, ռոքնռոլի ու Թերի Վոգանի մասին: Ես բազմաթիվ մեծ հաղթանակներ եմ ունեցել, բայց դրանցից որևէ մեկն ինձ իսկապես չի երջանկացրել, քանի որ մինչ օրս ամենամեծ հաղթանակը ձեռքիցս բաց էի թողնում: Իսկ դա ամենաառաջատար թոք-շոուն է Մեծ Բրիտանիայում: Այնպես որ, հաշիվդ տես, Գրահամ Նորթոն, ես գալիս եմ հետևիցդ», - սպառնում է Վլադիմիր Պուտինի եռաչափ տիկնիկը, որն, ըստ հեղինակների, կարող է անկաշկանդ շարժվել ստուդիայում, զրուցել իրական մարդկանց ու հանդիսատեսի հետ:

Պուտինի դերը կատարելու է դերասան Նեթ Տապլին, վերջինիս ընկերներն ու աջակիցներն, ի դեպ, արդեն Twitter-ով զգուշացրել են՝ լավ կլինի, որ դերասանը հեռու մնա տաճարներ ունեցող քաղաքներից: Ակնարկը ակնհայտորեն վերաբերում է Սոլսբերիին, որտեղ անցած տարի նյարդապարալիտիկ «Նովիչոկ» նյութով թունավորվել էին ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստր Յուլիան: Երբ Բրիտանիայի հատուկ ծառայությունները հրապարակել էին երկու գլխավոր կասկածյալների՝ Ռուսլան Բոշիրովի ու Ալեքսանդր Պետրովի լուսանկարները, վերջիններս պնդել էին՝ կատարվածի հետ որևէ կապ չունեն, Սոլսբերի էին մեկնել զուտ տեղի տաճարը տեսնելու նպատակով:

BBC-ն կրակի հետ է խաղում՝ իր հերթին զգուշացրել է Մոսկվայում աշխատող ռուս լրագրողներից մեկը:

Պաշտոնական Մոսկվան, մինչդեռ, պնդել է՝ Պուտինը այդպիսի հաղորդումներ չի նայել ու չի էլ նայելու: «Պուտինի մասին բազմաթիվ գրքեր են գրվել, ծաղրանկարներ արվել, սակայն նախագահը դրանք չի կարդացել ու չի դիտել», - երեկ հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Արևտյան լրատվամիջոցները, մինչդեռ, հիշեցնում են՝ տասնամյակներ առաջ НТВ հեռուստաընկերությունն էլ նման հաղորդաշար ուներ՝ «Տիկնիկները», որի հեղինակները քննադատում ու ծաղրում էին Ռուսաստանի բարձրասիճան պաշտոնյաներին՝ այդ թվում նախագահ Բորիս Ելցինին, նրանց նմանությամբ պատրաստված հերոսներով:

Հաղորդումներից մեկն, ի դեպ, դեռ 20 տարի առաջ՝ 2000-ին, պատկերել էր Պուտինին՝ զառամյալ հասակում՝ պաշտոնից կառչած: Այդ թողարկումը նաև խորհրդանշական վերնագիր ուներ՝ «Պուտինը 20 տարի անց», «Տիկնիկները», սակայն, մինչ այդ օրը չդիմացան: Ահռելի լսարան ունեցող հաղորդումը Վլադիմիր Պուտինի նախագահության օրոք ընդամենը երկու տարի հեռարձակվեց և փակվեց 2002-ին, ինչպես հաղորդման հեղինակ Վիկտոր Շենդերովիչն է պնդում՝ Կրեմլի պահանջով:

Դրանից հետո մինչ օրս Պուտինին նմանակող որևէ հաղորդում ռուսական հեռուստաընկերություններից որևէ մեկի եթերում չի հայտնվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG