Այսօր հրավիրած խորհրդակցության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Հայաստան-Լեռնային Ղարաբաղ հարաբերությունների թեմային, հայտարարելով, որ դա դատաիրավական բարեփոխումների հիմնախնդիրների հետ անուղղակի կապ ունի:
«Ակնհայտ է, որ կան նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող կոնկրետ ուժեր, ովքեր փորձ են անում կյանքի կոչել իրենց կողմից նախկինում կիրառված բանաձևը, այն է՝ տարաձայնություններ, հակասություններ և նույնիսկ թշնամանք հրահրել Արցախի և Հայաստանի ժողովրդի միջև՝ «բաժանիր, որ տիրես» տրամաբանությամբ, նախկինում իրենց կողմից թույլ տրված կոռուպցիոն հանցագործությունները կոծկելու, արդարացնելու նպատակով», - մատնանշեց վարչապետը:
«Չնայած բոլորիս ակնհայտ է, որ մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել, բայց այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը Արցախում՝ Հայաստանի կառավարության և անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար», - պնդեց նա՝ շարունակելով․ - «Այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ: Այս իմաստով, դա համարում եմ պետական դավաճանությանը նմանվող գործունեություն, և որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող Հայաստանի Հանրապետության վարչապետ, պատերազմական իրավիճակներում Զինված ուժերի գերագույն հրամանատար, ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցները այս դավադիր մտադրությունները արմատախիլ անելու համար»:
Փաշինյանը նաև կարծիք հայտնեց, որ՝ «հասունացել է ժամանակը 2016թ․ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար»:
Ամփոփելով թեման՝ Հայաստանի վարչապետը հայտարարեց․ - «Կոչ եմ անում Արցախի մեր ժողովրդին միանշանակ և աներկբա «ոչ» ասել, մերժել բոլոր այն ուժերին, ում գործունեությունն ուղղված է մեր ժողովրդի երկու հատվածների միջև հակասություններ սերմանելուն: Արցախի ժողովրդին կոչ եմ անում աջակցել միայն այն ուժերին, ովքեր հանդես են գալիս Հայաստանի ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ կառավարությանն աներկբա աջակցության դիրքերից»:
Տե՛ս նաև այստեղ