Մատչելիության հղումներ

Փաշինյան․ «Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը»


Վարչապետը թվարկում է այն քայլերը, որոնցում պետք է արտահայտվի այդ գործընթացը:

«Դատական համակարգի՝ ժողովրդական վստահության արժանանալու ընթացիկ հնարավորությունը համարում եմ այլևս սպառված», - հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Կառավարությունում հրավիրած խորհրդակցության ժամանակ:

«Մենք չենք կարող այլևս հանդուրժել այս իրավիճակը, որովհետև <…> սա երկրի կայունության, բնականոն կյանքի և ազգային անվտանգության խնդիր է: Սա նաև տնտեսական հետագա զարգացման խնդիր է, որովհետև անվստահելի դատական համակարգը ուղղակի խոչընդոտ է երկրի ներդրումային իրավիճակը բարելավելու հարցում», - ասաց վարչապետը՝ շարունակելով․ - «Եվ ուրեմն, հարգելի գործընկերներ, եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը»:

Այդ գործընթացը, ըստ Հայաստանի կառավարության ղեկավարի, պետք է արտահայտվի հետևյալում․

«Առաջին՝ Հայաստանում գործող բոլոր դատավորները՝ առանց բացառության, պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթինգի, այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին;

երկրորդ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից;

երրորդ՝ բոլոր այն դատավորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ և օբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան՝ այդպիսով կարևոր ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանը ու նրա ժողովրդին;

չորրորդ՝ հիմա արդեն անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար, և մենք պետք է մեկ-երկու ամսվա ընթացքում ամփոփենք վերջին 7-8 ամիսներին այս ուղղությամբ մեր կատարած աշխատանքը;

հինգերորդ՝ Ազգային ժողովում պետք է տեղի ունենա օրենսդրական համապատասխան աշխատանք մեր երկրի համար կենսական այս օրակարգը կյանքի կոչելու և Հայաստանում իրապես երաշխավորված անկախ դատական համակարգ ունենալու համար: Եթե սրա համար անհրաժեշտ լինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ, մենք պետք է գնանք նաև այդ քայլին: Եթե պետք լինի դա անել համաժողովրդական հանրաքվեով, մենք պետք է գնանք նաև նման լուծումների»:

«Այս ողջ աշխատանքը, ընդ որում, պետք է տեղի ունենա այս ոլորտում միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ համագործակցության, միջազգային լավագույն փորձի և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում», - վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը:

«Պետական դավաճանությանը նմանվող գործունեություն»

Փաշինյանն անդրադարձավ նաև Հայաստան ֊ Լեռնային Ղարաբաղ հարաբերությունների թեմային, հայտարարելով, որ դա վերը նշվածի հետ անուղղակի կապ ունի:

«Ակնհայտ է, որ կան նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող կոնկրետ ուժեր, ովքեր փորձ են անում կյանքի կոչել իրենց կողմից նախկինում կիրառված բանաձևը, այն է՝ տարաձայնություններ, հակասություններ և նույնիսկ թշնամանք հրահրել Արցախի և Հայաստանի ժողովրդի միջև՝ «բաժանիր, որ տիրես» տրամաբանությամբ, նախկինում իրենց կողմից թույլ տրված կոռուպցիոն հանցագործությունները կոծկելու, արդարացնելու նպատակով», - մատնանշեց վարչապետը:

«Չնայած բոլորիս ակնհայտ է, որ մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել, բայց այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը Արցախում՝ Հայաստանի կառավարության և անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար», - պնդեց նա՝ շարունակելով․ ֊ «Դեռևս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ: Այս իմաստով, դա համարում եմ պետական դավաճանությանը նմանվող գործունեություն և որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող Հայաստանի Հանրապետության վարչապետ, պատերազմական իրավիճակներում Զինված ուժերի գերագույն հրամանատար, ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցները այս դավադիր մտադրությունները արմատախիլ անելու համար»:

Փաշինյանը նաև կարծիք հայտնեց, որ՝ «հասունացել է ժամանակը 2016թ․ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար»:

Ամփոփելով թեման՝ Հայաստանի վարչապետը հայտարարեց․ ֊ «Կոչ եմ անում Արցախի մեր ժողովրդին միանշանակ և աներկբա «ոչ» ասել, մերժել բոլոր այն ուժերին, ում գործունեությունն ուղղված է մեր ժողովրդի երկու հատվածների միջև հակասություններ սերմանելուն: Արցախի ժողովրդին կոչ եմ անում աջակցել միայն այն ուժերին, ովքեր հանդես են գալիս Հայաստանի ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ կառավարությանն աներկբա աջակցության դիրքերից: Մյուս բոլոր ուժերը միայն մեկ նպատակ ունեն՝ Արցախի ժողովրդին օգտագործել իրենց նեղ խմբային շահերը սպասարկելու, նախկինում գործած հանցագործությունների համար պատասխանատվությունից խուսափելու համար, Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության դեմ դավադրություն հրահրելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG