Մատչելիության հղումներ

«Ներկա դրությամբ կան 56 ներդրումային ծրագրեր». վարչապետին զեկուցվել են հանձնարարականների կատարման ընթացքի մասին


Ներկա դրությամբ կան 56 ներդրումային ծրագրեր. 38 ներդրումային ծրագրեր 1,2 մլրդ դոլար արժողությամբ համարվում են իրատեսական, որոնք գտնվում են ընթացքի տարբեր փուլերում, մնացած 18 ծրագրերը քննարկման փուլում են, երեկ հայտարարել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ վարչապետին զեկուցելով գույքագրված ներդրումային առաջարկների ու դրանց ընթացքի մասին։

Նշենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում պետական կառավարման մարմինների պատասխանատուները զեկուցել են վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին: Նախարարն ասել է, որ ներդրումային նախագծերը վերաբերվում են քաղաքաշինության, էներգետիկայի, արդյունաբերության և այլ ոլորտների:

Իր հերթին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը տեղեկացրել է, որ քաղաքաշինության ոլորտում ներդրումային առաջարկների թիվը գնալով ավելանում է, պետք է գնահատել դրանց արդյունավետությունն ու շարժվել առաջ:

Փաշինյանն անհրաժեշտ է համարել տարբեր քաղաքաշինական ծրագրերի ընդհանուր ռազմավարության մշակումը և ըստ դրա ներդրումային առաջարկությունների քննարկումը:

«Պետք է ունենանք ճանապարհային քարտեզ, թե ինչպես ենք նախագծերն առաջ մղելու»,- ասել է կառավարության ղեկավարը և հանձնարարել ձևավորել աշխատանքային խումբ, որը կարճ ժամանակահատվածում կմշակի ռազմավարությունն ու նախագծերի շուրջ առկա խնդիրների ուղղությամբ կներկայացնի համապատասխան առաջարկություններ:

Հանրապետությունում հաշվառվել է 3438 թափուր աշխատատեղ

Առկա թափուր աշխատատեղերի հաշվառման առնչությամբ նշվել է, որ հանրապետությունում հաշվառվել է 3438 թափուր աշխատատեղ, սակայն գործընթացն ընթացքի մեջ է և առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում վարչապետին կներկայացվի ամփոփ տեղեկատվություն: Ամենամսյա վարկեր սպասարկող (100 հազար դրամ և ավելի գումարով) և միևնույն ժամանակ ընտանեկան և սոցիալական նպաստի համակարգից օգտվող անձանց բացահայտման ուղղությամբ ևս հետևողական աշխատանքներ են տարվում: Վարչապետ Փաշինյանն անընդունելի է համարել նման դեպքերը և նշել, որ անհրաժեշտ է դրանց տալ իրավական ընթացք:


Հունիսի 15-ից ևս նոր թափ կհաղորդվի ճանապարհաշինական աշխատանքներին

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են նաև ջրամբարաշինության և ճանապարհաշինության առկա նախագծերի գույքագրման ու նոր նախագծեր նախաձեռնելու, մսի և կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմների աջակցության, ինչպես նաև պտուղ-բանջարեղենի արտահանման սեզոնին պատրաստվելու ուղղությամբ իրականացված քայլերի մասին:

Մասնավորապես, ճանապարհաշինության հետ կապված զեկուցվել է, որ մայիսի 15-ից սկսվել են 85 կմ երկարությամբ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները, հունիսի 15-ից ևս նոր թափ կհաղորդվի ճանապարհաշինական աշխատանքներին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է այս ուղղությամբ նախատեսված աշխատանքներն ու ընդգծել. - «Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի այս տարվա ընթացքում 330 կմ ճանապարհ բերենք նորմալ վիճակի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG