Մատչելիության հղումներ

Վլադիմիր Կարապետյան․ Դատական իշխանությունն օգտվում է լիակատար ազատությունից


Վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյան, արխիվ
Վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյան, արխիվ

Դատական իշխանությունն օգտվում է լիակատար ազատությունից, և մեկը մյուսին հաջորդող վճիռները դրա վկայությունն են: Դատարանի որոշմամբ Հայաստանի երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելուց և նրա ազատ արձակումից հետո ֆեյսբուքյան նման գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

«Բոլոր այն հայտարարությունները, որտեղ խոսվում է իշխանությունների կողմից ճնշման փորձերի մասին, պարզ շահարկումներ են, որոնց, ցավոք, դիմում է Ռ. Քոչարյանի պաշտպանական կողմը: Իշխանությունները վճռական են երաշխավորելու բոլոր ընթացակարգերի բացառապես օրինական ընթացքը: Այլ հարց է, որ տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխություններից հետո, Հայաստանում գործում է հին դատական համակարգը, որի որոշումների նկատմամբ հանրության վստահության աստիճանը չի փոխվել», - գրել է Կարապետյանը:

Լրացուցիչ մեկնաբանություն ստեղծված իրավիճակի վերաբերյալ վարչապետի մամուլի խոսնակը հրաժարվեց ներկայացնել: «Դրանից ավել ու պակաս բան չունեմ ասելու: Ինձ մոտ ամեն ինչ ասված է այդ մի հայտարարության մեջ», - «Ազատության» հետ զրույցում նշեց նա:

Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը կարծում է՝ այս որոշմամբ ևս մեկ անգամ ապացուցվեց, որ դատարանը առնվազն Փաշինյանի ու նրա թիմակիցների կողմից ճնշման չի ենթարկվում: «Դատարանի վրա եթե ճնշում նույնիսկ եղել է, եղել է ճնշում նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, նույն Ռոբերտ Քոչարյանի կողմից, մենք դատարանում էլ էինք տեսնում էդ ճնշումը, իր վերաբերմունքը դատավորի նկատմամբ՝ որպես նախկին վերադաս», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց պատգամավորը:

Դատարանը որոշումը հրապարակելիս հղում է կատարում Արցախի ներկայիս ու նախկին նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի ներկայացրած անձնական երաշխավորությանը։ Քոչարյանի փաստաբաններն ավելի վաղ պնդում էին՝ եթե դատարանը հաշվի չառնի նման բարձրաստիճան պաշտոնյաների միջնորդությունը, դա կնշանակի, որ երաշխավորության ինստիտուտը ձևական բնույթ է կրում:

«Իմ քայլ»-ից միջնորդությունը այլ կերպ են գնահատում: «Շատ վատ նախադեպ ինքը ստեղծեց՝ դատաիրավական պրակտիկայում, նաև դա կարող է իր հետևանքները ունենալ արտաքին հարաբերությունների հետ կապված: Դրա համար առնվազն պետք է լինել պետական գործիչ, որպեսզի հասկանալ, թե ինչ քայլեր չի կարելի անել, որը կարող է ուղղակի պետությանը վնասել, ուղղակի վնասել պետությանը: Այսինքն՝ «ընկեր ենք, չգիտենք ինչ ենք», բայց անձնական շահը դնել, վեր դասել պետականից՝ էս դեպքում մենք ուղղակի ականատես եղանք նման գործելակերպի: Կոնկրետ անձնական շահը այս դեպքում, երբ որ կոնկրետ պաշտոնատար անձինք՝ Արցախի ներկա և նախկին նախագահները, իրենց անձնական շահը վեր դասեցին պետական շահից», - հայտարարեց Վահագն Հովակիմյանը:

Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներից որոշման վերաբերյալ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Հարկ է նշել, որ գործի քննության ողջ ընթացքում նրանք ձեռնպահ էին մնում մեկնաբանություններից՝ հարցը դիտարկելով բացարձակապես իրավական դաշտում:

Արտախորհրդարանական ընդդիմությունից ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «Ազատությանը» տեղեկացրեց՝ Գերագույն մարմնում ժողով են անցկացնում և ավելի ուշ հանդես կգան հայտարարությամբ:

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն ընդգծում է՝ Արցախի ներկայիս ու նախկին նախագահների երաշխավորագիրը, որի հիման վրա ազատ արձակվեց Ռոբերտ Քոչարյանը, Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ներկայացրեցին Հայաստանի երրորդ նախագահ, գործով վկա Սերժ Սարգսյանի՝ Արցախ այցելությունից հետո:

«Հատկանշական էր, որ էդ պրոցեսը հասունացավ, երբ, օրինակ, Սերժ Սարգսյանը մեկնեց Արցախ՝ Հաղթանակի տոնի առիթով, մինչև հիմա Արցախում է: Եվ, ի վերջո, չմոռանանք, որ նաև 2020 թվականի համար Արցախի նախագահի ընտրության գործընթացն է, և էստեղ ներգրավված բոլոր հիմնական կողմերը, բոլոր հիմնական հավակնորդները գործնականում հենց նախկին իշխող համակարգի այս կամ այն ճյուղ, թև ներկայացուցիչներ են, որոնք Արցախում ունեն որոշակի կարգավիճակ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բադալյանը:

Արցախից ու Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակից ողջ օրվա ընթացքում մեկնաբանություն ստանալ չհաջողվեց:

Հայաստանի երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, սահմանադրական կարգի տապալման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանն այսօր դատարանի որոշմամբ ազատ արձակվեց կալանքից՝ անձնական երաշխավորության դիմաց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG