Մատչելիության հղումներ

ՀՅԴ-ն հավատում է, որ դատարանը հավատարիմ կմնա անկախ որոշում կայացնելու իր հանձնառությանը


ՀՅԴ դրոշը հանրահավաքի ժամանակ, արխիվ
ՀՅԴ դրոշը հանրահավաքի ժամանակ, արխիվ

ՀՅ Դաշնակցության (ՀՅԴ) Հայաստանի գերագույն մարմինը հայտարարությամբ է հանդես եկել, որում նշում է, թե «հակառակ դատարանի նկատմամբ բացահայտ և դատապարտելի ճնշումներին, վերջին օրերին ահագնացող հանրային լարվածությանն ու անհանդուրժողականության մթնոլորտի ուղղորդվող շիկացմանը», դատարանը՝ հիմք ընդունելով Արցախի գործող և երկրորդ նախագահների միջնորդությունը, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշում կայացրեց:

«Հավատալով, որ դատարանը հավատարիմ կմնա անկախ և ճնշումներից զերծ որոշում կայացնելու իր սահմանադրական հանձնառությանը, այդուհանդերձ, դատապարտում ենք արդարադատությունը խոչընդոտելու յուրաքանչյուր դեպք՝ դրանք դիտելով որպես Հայաստանում սահմանադրական կարգի հաստատման ու ամրագրման դեմ ուղղված քայլ։ Փաստում ենք, որ այս օրերին արձանագրված փողոցային ճնշումը խաթարում է ժողովրդավարական հասարակության, այդ թվում արդար և ազատ դատաքննություն վարելու հիմքերը և գտնում, որ գործադիր իշխանությունը պարտավոր է հետևողական միջոցներ ձեռնարկել և երաշխավորել պետական իշխանության առանձին մարմինների անխափան գործունեությունը», - ասված է հայտարարությունում:

Դաշնակցությունը «մերժում և դատապարտում է հայկական զույգ պետությունների համերաշխությանն ուղղված, արհեստական բաժանարարներ և պառակտիչ տրամադրություններ արթնացնող որևէ դրսևորում՝ ցանկացած կողմից», և վստահեցնում է, որ «իր ողջ կարողականությամբ պայքարելու է և թույլ չի տալու ցանկացած ոտնձգություն՝ ուղղված ազգային միասնականությանը»։

«Մեր հավաքական պարտականությունն ու պատասխանատվությունն է ավելի քան միասնական լինել, ամրացնել ներհասարակական համերաշխությունը՝ դիմագրավելու արտաքին և ներքին մարտահրավերները, լուծելու մեր համազգային անվտանգության խնդիրները», - ասված է ՀՅԴ ԳՄ հայտարարությունում:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի այսօր հրապարակված որոշմամբ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատ արձակվեց անձնական երաշխավորության դիմաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG