Մատչելիության հղումներ

Ավարտվել է դիպլոմ կեղծելու դեպքով հարուցված քրգործի նախաքննությունը. ՔԿ


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն հայտարարում է, որ ավարտվել է ինստիտուտի դիպլոմը կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի պետ-տնօրենի տեղակալին մեղադրանք է առաջադրվել:

Ավելի վաղ կոմիտեն հայտնել էր, որ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ «ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի պետ-տնօրենի տեղակալը` ծնված 1968 թվականին, 2019թ. փետրվարին կադրերի բաժին ներկայացնելով Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը 1993թ. «գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտությամբ ավարտելու և ինժեներ-մեխանիկի որակավորում ստանալու մասին կեղծ դիպլոմի պատճեն, նշանակվել է հիշյալ կազմակերպության բաժնի պետ-տնօրենի տեղակալի պաշտոնում:

Դեպքի առթիվ Ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի [Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը] 1-ին մասով, որի նախաքննությունն իրականացվել է Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում:

«Պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, փաստաթուղթը կեղծելու եղանակը: Մասնավորապես՝ չունենալով բարձրագույն կրթություն և տեղեկանալով, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի պետ-տնօրենի տեղակալը պատրաստվում է ազատվել զբաղեցրած պաշտոնից, իսկ հիշյալ պաշտոնում նշանակվելու համար պարտադիր պայման է հանդիսանում բնապահպանության կամ դրան առնչվող ոլորտներում բարձրագույն կրթության առկայությունը, 1968թ. ծնված տղամարդը մտադրվել է պատրաստել և օգտագործել բարձրագույն կրթություն ունենալու հանգամանքը հավաստող կեղծ փաստաթուղթ՝ նպատակ ունենալով զբաղեցնել այդ պաշտոնը: Իր մտադրությունն իրագործելու համար 2019թ. փետրվարի 11-ին նա դիմում է ներկայացրել ՊՈԱԿ-ի տնօրենին, ապա՝ ինքնակենսագրության և անձնական թերթիկի մեջ նշումներ կատարել՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում սովորելու և ավարտելու մասին: Այնուհետև այլ անձի՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը 1993 թվականին «գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտությամբ ավարտելու և ինժեներ-մեխանիկի որակավորում ունենալու վերաբերյալ դիպլոմի պատճենում առկա տվյալները համակարգչային եղանակով ջնջելով, իր տվյալներն ավելացրել է ձեռագիր նշումներով և պատճենահանելով պատրաստել ու «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կադրերի բաժնի է ներկայացրել իրավունք վերապահող, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ դիպլոմի պատճենը: Արդյունքում՝ դրա հիման վրա ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով նշանակվել է նույն հիմնարկի պահպանության բաժնի պետ-տնօրենի տեղակալի պաշտոնում», - ասված է հաղորդագրությունում:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Հիշեցնենք, այս գործով մեղադրվողը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մորեղբոր որդին է: Մամիկոն Հովհաննիսյանը անցած ամիս «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարել էր, մասնավորապես, որ բոլորի պես ինքն էլ հավասար է օրենքի առաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG