Մատչելիության հղումներ

Քոչարյանը պնդում է, թե առնվազն 7 սպանությունն արվել է ո՛չ ոստիկանների, ո՛չ էլ բանակի կողմից


Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով արդեն երրորդ օրն ընթացող դատական նիստին այսօր շարունակվեց քննարկվել խափանման միջոցի հարցը:

Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորություններ ներկայացրած Արցախի նախկին և գործող նախագահները՝ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակայանը, այսօր դատարան չէին ներկայացել զբաղվածության պատճառով: Պաշտպանները դատարանին խնդրեցին երաշխավորներին հնարավորություն տալ ներկայանալ վաղը, բայց միայն աշխատանքային օրվա ավարտից հետո: Կողմերը չառարկեցին: Ռոբերտ Քոչարյանը պարզաբանեց՝ ուղղակի Արցախում պատվիրակություն կա:

Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի ողջ դատական նիստի ընթացքում փորձում էր ապացուցել, որ մեղադրանքը հիմնավոր չէ: Նա նախ հրապարակեց Նիկոլ Փաշինյանի ներկայիս խորհրդական, Արշակ Կարապետյանի տված ցուցմունքը, որտեղ Կարապետյանը պատմում է, թե 2008 թվականի փետրվարի 23-ի հայտնի խորհրդակցության ընթացքում Ռոբերտ Քոչարյանի կողմից արտակարգ դրություն հայտարարելու որոշմանը հաջորդել է Սերժ Սարգսյանի առաջարկը՝ ստեղծել առանձին զինվորական վարչակազմ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ, քանի որ նա էր Երևան քաղաքի կայազորի պետը։

Արշակ Կարապետյանը 0038 գաղտնի հրամանով Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովին կից ստեղծված վարչակազմի անդամներից էր՝ վարչակազմի պետի հատուկ հանձնարարությունների գծով տեղակալը: Կարապետյանը արդեն ապրիլյան պատերազմից հետո՝ 2016-ին, հեռացվեց Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից:

Հեղափոխությունից հետո 2018 թվականի դեկտեմբերի 18-ին Կարապետյանը նշանակվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական:

«Որքան հիշում եմ Ռոբերտ Քոչարյանը ասաց՝ այսօրվանից 00 ժամից հայտարարում եմ արտակարգ դրություն։ Էկանք հասանք էն միակ բանին, որի համար Արշակ Կարապետյանի ցուցմունքը մեղադրանքի կողմից ձեզ վկայակոչվում է որպես հիմնավոր կասկած առաջացնող։ Տեսեք ինչ է ասում՝ դրանից հետո, որքան հիշում եմ, Ռոբերտ Քոչարյանը ասաց՝ այսօրվանից 00 ժամից հայտարարում եմ արտակարգ դրություն: Դրան անմիջապես հաջորդեց Սերժ Սարգսյանի առաջարկը, որ ստեղծվի առանձին զինվորական վարչակազմ՝ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ, քանի որ նա էր Երևան քաղաքի կայազորի պետը։ Խորհրդակցության ավարտից հետո սպաների մի հատվածի շրջանում դժգոհություն առաջացավ, թե ինչու պետք է ընդգրկվեն Երևանում տեղի ունեցած իրադարձություններում», - ասաց Ալումյանը։

Այնուհետև Ալումյանը հրապարկեց Սերժ Սարգսյանի և ևս 11 վկաների ցուցմունքեր, որոնք փաստում էին հակառակի մասին՝ ասելով, որ Քոչարյանը նման հայտարարություն չի արել կամ, որ նրանք նման բան չեն հիշում:

Մեղադրող կողմը պարբերաբար միջնորդում էր չհրապարակել այս ցուցմունքները, ապա նաև միջնորդեցին որոշ դրվագներ դռնփակ հրապարակել: Դատարանը մերժեց միջնորդությունը:

Հայկ Ալումյանը իր խոսքում անդրադարձավ նաև մեղադրական եզրակացության այն դրվագին, որտեղ մասնավորպես ասված է, որ իշխանությունը պահելու և քաղաքական գործընթացը ճնշելու համար ներգրավվել են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանը մերձավոր շրջապատի որոշ անձինք, ովքեր իրենց թիկնազորից և հանցավոր շրջանակներից ստեղծել են խմբեր, որոնց զինել են և այդ խմբերը 2008 թվականի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Երևանի փողոցներում սահմանադրական կարգն են խախտել: Այս դրվագին անրադարձավ նաև Քոչարյանը՝ դա մարդկանց «գլուխը լցնելու» և թունավորելու փորձ որակելով:

«Մեզ լավ հայտնի չէ՝ արդյո՞ք կան դատական գործեր հարուցված, կա՞ ձերբակալված կամ կա՞ն գործողություններ քննչական։ Քրեական գործում, այդ 80 հատորում որևէ բան այդ մասին չկա։ Ես կարող եմ ենթադրություն անել, թե ինչի համար է սա գրված։ Այս տրամաբանությամբ ես խնդրեցի մեկ րոպե, քանի որ 10 սպանության փաստ այս քրեական գործում ընդհանրապես չկար, բայց մի դրվագ այսպես անորոշ ձևով մտցվել է՝ մարդկանց ուղեղը մտցնելու համար, թե կարող է այդ սպանությունները կատարված լինեն մերձավոր մարդկանց և այլն, ինքագիտակցության մեջ այդ թույնը լցնելու նպատակով: Այլ հիմնավորում, թե ինչի է այս դրվագը մտցվել այս մեղադրականի մեջ, ոչ մի բացատրություն չունի»,- հայտարարեց Քոչարյանը։

Քոչարյանը նշեց, որ բանակի զենքերը ամբողջությամբ զննվել են, փորձաքննել են և առնչություն չկա 10 սպանության հետ՝ շարունակելով. - «Եղել է «Չերյոմուխա»-ից, կարելի է ենթադրություն անել, բայց առնվազն 7 սպանությունն արվել է այլ անձանց կողմից. ո՛չ ոստիկանների, ո՛չ էլ բանակի»։

Դատական նիստը հետաձգվեց մինչև վաղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG