Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը անվտանգության նկատառումներով մասնակիորեն տարհանում է Իրաքում աշխատող իր դիվանագետներին


Իրաքի վարչապետ Ադել Մահդիի ու ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոյի հանդիպումը, Բաղդադ, 9-ը մայիսի, 2019թ․
Իրաքի վարչապետ Ադել Մահդիի ու ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոյի հանդիպումը, Բաղդադ, 9-ը մայիսի, 2019թ․

Թեհրանի հետ հարաբերությունների սրման ֆոնին պաշտոնական Վաշինգտոնը տարհանում է Իրաքում աշխատող դիվանագետների մի մասին: Պետքարտուղարության ներկայացուցիչները այս մասին տեղեկացրեցին այսօր առավոտյան` հաղորդելով, որ տարհանման հետևանքով դադարեցվելու է Բաղդադում ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական բաժնի և Իրաքի Քուրդիստանի վարչական կենտրոն Էրբիլում տեղակայված ամերիկյան Գլխավոր հյուպատոսության աշխատանքը:

«Պետդեպարտամենտի հրահանգով դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների այն մասը, որ զբաղված չէ հրատապ խնդիրների լուծմամբ, պետք է շուտափույթ կերպով լքի Իրաքը», - հաղորդում է Reuters գործակալությունը:

Պետդեպարտամենտի այս քայլին նախորդեց ամերիկյան թերևս ամենահեղինակավոր պարբերականներից մեկի` «Նյու Յորք Թայմզ»-ի հրապարակումը, որի համաձայն՝ Սպիտակ տանը ամենայն լրջությամբ քննարկում են Մերձավոր Արևելք շուրջ 120 հազար ամերիկացի զինվորականներ ուղարկելու հավանականությունը: Դա, ըստ թերթի, տեղի կունենա այն դեպքում, եթե Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան հաստատությունները ենթարկվեն իրանական հարձակման, կամ էլ Թեհրանը որոշի վերսկսել միջուկային ծրագրի իրագործումը

«Նյու Յորք Թայմզ»-ի հրապարակմանը երեքշաբթի երեկոյան անդրադարձավ Դոնալդ Թրամփը` մի կողմից հերքելով, թե Վաշինգտոնում քննարկում են Մերձավոր Արևելք բանակային նոր ստորաբաժանումներ ուղարկելու հարցը, մյուս կողմից հաստատելով, որ ճգնաժամային որոշ իրավիճակներում Պենտագոնը կարող է նման քայլի դիմել:

«Կարծում եմ, որ դրանք կեղծ լուրեր են: Բայց արդյո՞ք ես պատրաստ եմ նոր զորքեր ուղարկել: Միանշանակ: Հուսով եմ, սակայն, որ մենք նման ծրագիր մշակելու կարիք չենք ունենա: Բայց եթե մենք դիմենք նման քայլի, հաստատապես շատ ավելի մեծ զորախումբ կուղարկենք», - հայտարարում էր Դոնալդ Թրամփը:

Իրանին սահմանակից պետություններ ամերիկյան նոր ստորաբաժանումներ ուղարկելու հեռանկարը բացարձակապես չի ոգևորում Կոնգրեսում ներկայացված դեմոկրատ օրենսդիրներին:

«Այս տեղեկությունը շփոթեցնող է և խիստ մտահոգիչ: Սպիտակ տունը նոր է սկսել առավելագույն պատժամիջոցների քաղաքականություն կիրառել Իրանի նկատմամբ, որի նպատակն այդ երկրի տնտեսությունը ճնշման տակ պահելն է: Արդյոք ավելի խելամիտ չէ՞ սպասել և տեսնել` աշխատո՞ւմ է այդ քաղաքականությունը, թե՞ ոչ», - Կապիտոլիումում կայացած նիստի ժամանակ հայտարարում էր Նյու Յորքից ընտրված սենատոր, Սենատի դեմոկրատական խմբակցության ղեկավար Չաք Շումերը:

Իրանի հետ հարաբերությունները նախօրեին Սոչիում` Ռուսաստանի ղեկավարության հետ, քննարկում էր նաև Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն` նշելով, որ Վաշինգտոնը չի ցանկանում անհարկի սրել իրադրությունը Մերձավոր Արևելքում:

«Մենք Իրանի հետ պատերազմ չենք ուզում: Բայց եթե իրանցիները հարձակվեն, կարժանանան համարժեք պատասխանի», - նշում էր ԱՄՆ պետքարտուղարը:

Վաշինգտոնից հնչող այս հայտարարությունների ֆոնին Իրանի ղեկավարությունը ամերիկացիներին զսպվածության կոչ է անում` պնդելով, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ պատերազմական գործողությունների մեջ մտնելու որևէ ցանկություն չունի:

«Աստված տա՝ պատերազմ չի լինի: Մենք պատերազմելու որևէ ցանկություն չունենք, ամերիկացիները ևս: Նրանք շատ լավ գիտեն, որ այդ պատերազմն իրենց շահերից չի բխում», - Իրանի պետական հեռուստատեսության եթերում հայտարում էր իսլամական հանրապետության հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:

Երեքշաբթի երեկոյան հնչեցրած այդ ելույթում Իրանի առաջնորդը, սակայն, բացառում էր ոչ միայն պատերազմի, այլև բանակցությունների հավանականությունը Վաշինգտոնի հետ:

«Քանի դեռ Ամերիկան չի փոխվել, բանակցությունները այդ երկրի հետ թունավոր կարող են լինել», - նշում էր Խամենեին:

Դրան զուգահեռ՝ իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որ չի ցանկացել բացահայտել իր ինքնությունը, Reuters-ի թղթակցին այսօր ասել է, որ Թեհրանում պատրաստ են իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի` հակամարտությունից մինչև բանակցություններ: «Պետք է սակայն հաշվի առնել, որ տարածաշրջանում նոր հակամարտությունը կարող է աներևակայելի հետևանքներ ունենա», - նշել է իրանցի պաշտոնյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG