Մատչելիության հղումներ

«Սպիտակ տանը քննարկում են Մերձավոր Արևելք 120 հազար զինվորական ուղարկելու հնարավորությունը». «Նյու Յորք Թայմզ»


Սպիտակ տունը Վաշինգտոնում

Սպիտակ տանը քննարկում են Մերձավոր Արևելքում ամերիկյան նոր ստորաբաժանումներ տեղակայելու հնարավորությունը:

«Նյու Յորք Թայմզ»-ի տեղեկություններով՝ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շենահանն Իրանին սահմանակից մի շարք պետություններում 120 հազար ամերիկացի զինծառայողներ տեղակայելու նախագիծը Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնին և նրա աշխատակազմի անդամներին ներկայացրել է անցած հինգշաբթի կայացած խորհրդակցության ժամանակ:

Ամերիկյան պարբերականի տեղեկություններով՝ Պենտագոնի ղեկավարն առաջարկել է հավելյալ զորամիավորումներ ուղարկել Մերձավոր Արևելք այն դեպքում, եթե Իրանը հարձակման դիմի տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ստորաբաժանումների դեմ, կամ էլ վերսկսի իր միջուկային ծրագրի իրագործումը:

«Շենահանի ներկայացրած նախագծով, սակայն, Իրանի դեմ ցամաքային որևէ գործողություն չի նախատեսվում, քանի որ դրա համար անհամեմատ ավելի մեծ ուժեր են անհրաժեշտ», - Սպիտակ տան աղբյուրները վկայակոչելով՝ գրում է «Նյու Յորք Թայմզ»-ը` հավելելով, որ առայժմ հստակ չէ՝ արդյո՞ք նախագահ Թրամփին տեղյակ են պահել Պենտագոնում կազմված այս ծրագրի մանրամասներին, թե՞՝ ոչ:

Միացյալ Նահանգների նախագահի մոտեցումն Իրանին նույնպես գնալով կարծրանում է: Երկուշաբթի երեկոյան, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ, Թրամփը հերթական զգուշացումն ուղղեց Իրանի իշխանություններին` շրջանցելով, սակայն, ռազմական լուծման հնարավորությունը:

«Մենք կհետևենք Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին: Եթե նրանք որևէ քայլի դիմեն, դա Իրանի կողմից շատ լուրջ սխալ կլինի: Եթե որևէ բան պատահի, նրանք երբեք երջանիկ չեն լինի, Իրանի ժողովուրդը երջանիկ չի լինի: Իրանը կարող է շատ լուրջ խնդիրներ ունենալ», - նշում էր ԱՄՆ նախագահը:

Մերձավոր Արևելք նոր ստորաբաժանումներ ուղարկելու մասին Վաշինգտոնում ծավալված քննարկումները սկիզբ առան ամերիկյան ռազմածովային ուժերի «Աբրահամ Լինքոլն» ավիակրի` Պարսից ծոց մուտքին զուգահեռ:

Պաշտոնական Թեհրանի համոզմամբ, Վաշինգտոնը մտածված կերպով լարում է իրավիճակը Մերձավոր Արևելքում:

«Ցավոք սրտի, Միացյալ Նահանգներն անհարկի կերպով սրում է իրադրությունը: Մենք իրադրությունը լարել չենք ցանկանում, դրա հետ մեկտեղ մշտապես պաշտպանվել ենք», - Հնդկաստան կատարած այցի շրջանակներում հայտարարում էր Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը երեկ ողջ օրվա ընթացքում Բրյուսելում քննարկում էին նաև ԵՄ ղեկավարները և Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն:

Բանակցությունների ընթացքում ԵՄ ներկայացուցիչները կրկին ընդգծում էին, որ այս փուլի առաջնահերթ խնդիրը 2015-ին կնքված միջուկային համաձայնագրի փրկությունն է:

Բանակցությունների ավարտին ԵՄ անվտանգության և արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարում էր. - «Մայք Փոմփեոն լսեց մեր տեսակետը: Ոչ միայն իմ, այլև ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների համոզմամբ, այժմ բավական նուրբ և վճռորոշ մի պահ է: Այդ իսկ պատճառով հարկավոր է խիստ պատասխանատու մոտեցում որդեգրել` նախևառաջ խուսափելով ռազմական բնույթի սրացումներից»։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանի համոզմամբ, այս փուլում առավել կարևոր է ԵՄ անդամ պետությունների շրջանում Իրանի հարցում միասնական դիրքորոշման ամրապնդումը:

«Մենք չէ, որ խախտել ենք այս համաձայնագրի դրույթները: Այժմ պետք է քննարկենք մեր հետագա անելիքները [Վաշինգտոնից և Թեհրանից] հնչող հայտարարությունների ֆոնին: Կարծում եմ, որ Եվրոպայի միասնությունն այս հարցում խիստ կարևոր է: Մինչ այժմ մեզ հաջողվում էր պահպանել այդ միասնությունը, ես վստահ եմ, որ հետագայում ևս դա հաջողվելու է», - հայտարարում էր Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG