Մատչելիության հղումներ

Քոչարյանը դատարանում հայտարարեց՝ նախաքննությունն իրականացվել է ուղղորդված


Ռոբերտ Քոչարյանը դատարանում, 13-ը մայիսի, 2019թ.
Ռոբերտ Քոչարյանը դատարանում, 13-ը մայիսի, 2019թ.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր շարունակեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը։

Կարճ ելույթներով հանդես եկավ Ռոբերտ Քոչարյանը։ Նա հայտարարեց՝ նախաքննությունն իրականացվել է ուղղորդված։ Նաև նշեց՝ իր նկատմամբ կողմնակալ մոտեցում է տեսնում։

Քոչարյանը, ինչպես նաև նրա պաշտպանները դիմեցին դատարանին՝ խնդրելով որպես վկա հարցաքննել Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին, ինչպես նաև ՍԴ անդամներ Հրանտ Նազարյանին, Վլադիմիր Հովհաննիսյանին։

Փաստաբան Հայկ Ալումյանը դատարանում ներկայացնելով 2008-ի մարտյան արյունալի իրադարձությունները՝ պնդեց, որ այն ժամանակ սադրիչներ են եղել, որոնց գործողություններից հետո տեղի ունեցան այդ իրադարձությունները։

Այսօր դատարանում Քոչարյանի պաշտպանները ներկայացրեցին Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի երաշխավորությունը՝ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ։ Դատավոր Վարդան Գրիգորյանն ասաց՝ նրանք պետք է ներկայանան դատարան։

Այսօր դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազները շարունակեցին պնդել՝ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ։ Դատախազ Պետրոս Պետրոսյանը նշեց, որ թեև Քոչարյանը չի խոչընդոտել գործի քննությունը, սակայն երբ նա գտնվում էր ազատության մեջ՝ ցանկություն էր հայտնել բացակայել երկրից, ինչը իրենք դիտարկել են որպես փախուստի ռիսկ։ Դրանից հետո դատարանը որոշ հարցեր տվեց դատախազներին՝ փորձելով ստանալ այն հարցի պատասխանը, թե որտեղի՞ց այդ կասկածները, որ Քոչարյանը պետք է մեկներ երկրից։

Այսօրվա դատական նիստի սկզբում դատավորը մերժեց Քոչարյանի պաշտպանական խմբի միջնորդությունը ինքնաբացարկ ներկայացնելու մասին։

Հայաստանի երկրորդ նախագահի և երեք այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով նախնական դատական նիստը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է նախօրեին: Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով մեղադրվում է այլ անձանց հետ հանցակցությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Ըստ մյուս մեղադրանքի, Քոչարյանը 2008-ի փետրվարին և մայիսին գործարար Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927 միլիոն դրամին համարժեք 3 միլիոն դոլար կաշառք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG