Մատչելիության հղումներ

Դատավորը մերժեց իր ինքնաբացարկի՝ Քոչարյանի պաշտպանական խմբի միջնորդությունը


Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը, Երևան, 14-ը մայիսի, 2019թ.
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը, Երևան, 14-ը մայիսի, 2019թ.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի միջնորդությունը ինքնաբացարկ ներկայացնելու մասին և, ըստ էության, Դավիթ Գրիգորյանը որոշեց, որ կշարունակի քննել Քոչարյանի և մյուսների գործը։

Դատական նիստը մեկնարկել է երեկ, և դեռևս դատարանը քննում է բացառապես Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։ Փաստաբանական կողմը երեկվանից պնդում է, որ Դավիթ Գրիգորյանը, որը նախկինում հրաժարվել է քննել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը, չի կարող օբյեկտիվ լինել։

Այս որոշումից հետո իրավական վեճ ծագեց դատարանի և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի միջև, նրանք ծանոթանալով ինքնաբացարկի մերժման մասին որոշմանը նշեցին, որ դատարանը բացի այդ որոշումը քննելուց նաև պետք է խափանման միջոցի հարցը քններ, բայց դա չի քննել։ Դատարանը փորձում էր համոզել, որ Քոչարյանի պաշտպանական կողմն այդքան էլ ճիշտ չէ, և, ըստ ընթացակարգի, խափանման միջոցի հարցը կքննվի։

Այս պահին մեղադրող կողմը՝ դատախազները, իրենց փաստարկներն են ներկայացնում այն մասին, որ Քոչարյանը պետք է շարունակի մնալ կալանքի տակ։

Դատախազ Պետրոս Պետրոսյանը նշեց, որ երբ Ռոբերտ Քոչարյանը գտնվում էր ազատության մեջ, ճիշտ է, քրեական գործին չէր խոչընդոտել, բայց ցանկություն էր հայտնել բացակայել երկրից, ինչը իրենք դիտարկել են որպես փախուստի ռիսկ։ Դրանից հետո դատարանը որոշ հարցեր տվեց դատախազներին՝ փորձելով ստանալ այն հարցի պատասխանը, թե որտեղի՞ց այդ կասկածները, որ Քոչարյանը պետք է մեկներ երկրից, և այլն։

Դատախազ Պետրոս Պետրոսյանը, ամեն դեպքում, շարունակեց պնդել, որ այս փուլում Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG