Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը Քոչարյանի կալանքը փոխելու երաշխավորագիր են ներկայացրել դատարան


Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան, արխիվ
Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի ներկա և նախկին ղեկավարներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորագիր են ներկայացրել դատարան՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ։

Երաշխավորագիրը դատարան ներկայացրեցին Քոչարյանի պաշտպանները։

Դատավոր Դավիթ Գրիգորյանը տեղեկացրեց՝ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը պետք է ներկայանան դատարան, իրենց մոտեցումը վերահաստատեն, որից հետո դատարանը կլսի մյուս կողմի կարծիքը և կքննարկի միջնորդությունը։

«Այն անձը, ով երաշխավոր է հանդես գալու, նման ակնկալիքով դիմել է դատարանին, պետք է դատարան ներկայանա և իր կամարտահայտությունը վերահաստատի։ Այդ է պահանջում նաև Քրեական դատավարության օրենսգիրքը, բացի այդ դատարանը պետք է երաշխավորողին պարզաբանի նրա իրավունքներն ու պարտականությունները, միաժամանակ նրան նախազգուշացնի այն հետևանքների մասին, խոսքը վերաբերում է հնարավոր քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին, որովհետև շատ լավ տեղյակ եք, որ անձը, որը երաշխավորում է, բացի որոշակի գումար մուծելուց, կրում է նաև պատասխանատվություն հետագայում, եթե մեղադրյալը ոչ պատշաճ վարքագիծ դրսևորի», - ասաց դատավորը։

Ավելի վաղ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դիմել էին Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով։

Գլխավոր դատախազությունը պարզաբանել էր՝ Քոչարյանին ազատ արձակելու դիմումի քննարկումը «դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների տիրույթից»։

«Քանի որ տվյալ քրեական գործը ներկայումս գտնվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, ՀՀ դատախազությունը տվյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը չէ, հետևաբար նախագահների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումի քննարկումը ներկա փուլում դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների տիրույթից», - ասված էր դատախազության պարզաբանման մեջ:

«Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է անցած տարվա դեկտեմբերի 7-ից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG