Մատչելիության հղումներ

Հայաստանը կարևոր գործընկեր է Լյուքսեմբուրգի համար. Պատգամավորների պալատի նախագահն ընդունել է Փաշինյանին


Աշխատանքային այցով Լյուքսեմբուրգում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի ու խորհրդարանականների հետ։

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի՝ Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնանդ Էտգենը նշել է, որ իր երկիրը պատրաստ է Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնել ժողովրդավարության ամրապնդման, քաղաքացիական հասարակության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ուղղություններով:

«Մեր կառավարությունը, քաղաքական թիմը հաստատակամորեն գնում է ժողովրդավարության ճանապարհով: Վստահ ենք, որ համապատասխան քայլերի արդյունքում մեր ժողովուրդն ինտեգրվելու է ժողովրդավարական արժեհամակարգին հավատարիմ միջազգային հանրությանը: Քաղաքական հեղափոխությանը հաջորդող պրոցեսները միտված են այդ նպատակին և համոզված ենք, որ մենք կհասնենք հաջողությունների», - նշել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ քաղաքական հեղափոխությանը հաջորդելու է տնտեսականը, ու այդ նպատակով երկրում իրականացվում են բիզնես միջավայրի բարելավմանը, ներդրումային բարենպաստ մթնոլորտի ստեղծմանն ուղղված քայլեր, այդ թվում` մենաշնորհների դեմ պայքարի, տարբեր ուղղություններով խորքային բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի միջոցով:

Ֆերնանդ Էտգենն իր հերթին նշել է, որ Հայաստանը կարևոր գործընկեր է Լյուքսեմբուրգի համար, և իր երկիրը պատրաստ է սերտորեն համագործակցել ու ընդլայնել կապերը տարբեր ուղղություններով:

Կողմերը մտքեր են փոխանակել հայ-լյուքսեմբուրգյան փոխգործակցության հետագա ընդլայնման, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին վերաբերող հարցերի շուրջ:

Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Պատգամավորների պալատի «Ոսկե գրքում», պատասխանել պատգամավորների հարցերին: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու հայ-թուրքական հարաբերություններին:

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Լյուքսեմբուրգին ԼՂ հակամարտության հարցում հավասարակշիռ դիրքորոշում ցուցաբերելու և Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

Վարչապետը Ֆենանդ Էտգենին է փոխանցել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի` Հայաստան այցելելու հրավերը:

Ֆերնանտ Էնտգենի անունից ի պատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տրվել է ճաշ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG