Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը ժամանում է Բրյուսել


Այսօր Բրյուսելում նշվում է Արևելյան գործընկերության 10-ամյակը, Եվրամիության մայրաքաղաք են ժամանում ծրագրին անդամակցող պետությունների ղեկավարները՝ այդ թվում և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչև այդ, սակայն, վարչապետն այսօր հանդիպումներ է անցկացնում Լյուքսեմբուրգում։

Արդեն օրվա երկրորդ կեսին Նիկոլ Փաշինյանը Լյուքսեմբուրգից կժամանի Բրյուսել: Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ընթրիքի է հրավիրել Արևելյան գործընկերության անդամ պետությունների առաջնորդներին: Այսօր այս միջոցառմանը մասնակցելու է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, սակայն Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններ նախատեսված չեն։ Օրերս իր երևանյան ասուլիսում վարչապետը հնարավոր համարեց միայն կարճ շփումը Ադրբեջանի ղեկավարի հետ:

Մինչև պետությունների ղեկավարների ժամանումը վաղ առավոտյան այստեղ մեկնարկեց արտգործնախարարների մակարդակով հավաք, բացառված չէ Զոհրաբ Մնացականյան - Էլմար Մամեդյարով հանդիպումը, համենայնդեպս երկու երկրների արտգործնախարարները միասին մի քանի միջոցառման են մասնակցելու: Ադրբեջանն, ի դեպ, այս հավաքի ընթացքում Եվրամիության հետ ստորագրելու է համագործակցության փաստաթուղթ, դրա բովանդակությունը դեռ չի հրապարակվում:

Հայաստանը երկու տարի առաջ՝ 2017-ին է ստորագրել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը արդեն վավերացրել են Եվրամիության մի շարք երկրներ: Փոխարենը Երևանը Սերժ Սարգսյանի օրոք հրաժարվեց Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրից՝ վերջին պահին նախընտրելով Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությունը:

Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրին անդամակցում են հետխորհրդային վեց պետություններ՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Բելառուսը և Ուկրաինան:

Ուկրաինայի ընտրյալ նախագահ Վլադիմիր Զելենսկին դեռ երդմնակալությամբ չի ստանձնել պաշտոնը, ուստի այսօր Բրյուսել կժամանի դեռ գործող նախագահ Պորոշենկոն՝ վերջին անգամ Եվրամիությունում ներկայացնելով Կիևը: Տարիներ առաջ Ուկրաինան ևս հրաժարվել էր ստորագրել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, ինչը երկրում հեղափոխության պատճառ դարձավ, Եվրամայդանի արդյունքում իշխանության եկած Պորոշենկոն ի վերջո ստորագրեց այս փաստաթուղթը, բայց հիմա Ուկրաինան խիստ լարված հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ: Ասոցացման համաձայնագիրը ստորագրել են նաև Մոլդովան և Վրաստանը։ Վրացիներն, ուկրաինացիներն ու մոլդովացիներն արդեն օգտվում են առանց վիզայի ռեժիմից:

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը այսօրվա ընթրիքի հրավեր էր ուղարկել նաև Մինսկ՝ Բելառուսի նախագահին, այդ քայլի համար արժանանալով քննադատության, սակայն Եվրոպայի վերջին բռնապետ համարվող Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր չի մասնակցի Արևելյան գործընկերության ծրագրի 10-ամյակի միջոցառումներին:

Ակնկալվում է, որ վեց պետությունները և Եվրամիությունն այսօր համատեղ հայտարարություն կընդունեն, որում կվերահաստատեն իրենց հանձնառությունը՝ խորացնելու հավակնոտ գործընկերային հարաբերությունները, կառուցելու բարեկեցիկ, կայուն, ժողովրդավարական տարածաշրջան՝ հիմնված ընդհանուր արժեքների, փոխադարձ շահերի և պարտավորությունների վրա:

Բրյուսելից վարչապետը մեկնելու է Պեկին։ Սա որպես Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանի առաջին այցն է Չինաստան, նախատեսված են բանակցություններ նախագահ Սի Ծինփինի հետ:

Իսկ Բրյուսելում Արևելյան գործընկերության 10-ամյակի միջոցառումները կշարունակվեն տոնական մեծ համերգով, վաղն էլ այստեղ անցկացվելու է խորհրդաժողով նաև Հայաստանից ժամանած պատվիրակության մասնակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG