Մատչելիության հղումներ

«Հայաստանը շարունակում է հավատարիմ լինել 1994-1995թթ. հրադադարի համաձայնագրերի տառին և ոգուն»


Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ղարաբաղյան հակամարտության հրադադարի հաստատման 25-ամյակի կապակցությամբ՝ ընդգծելով․ - «Հայաստանը եղել և մնում է Արցախի և նրա ժողովրդի անվտանգության երաշխավորը»:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը մատնանշել է, որ չնայած «Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների և մասնավորապես 2016 թ. ապրիլին Արցախի դեմ ագրեսիայի լույսի ներքո» 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերը շարունակում են վավեր մնալ:

«Հայաստանը շարունակում է հավատարիմ լինել 1994-1995թթ. հրադադարի համաձայնագրերի տառին և ոգուն», - ասված է հայտարարությունում: - «Հրադադարի ռեժիմի հաստատման 25-ամյակը վկայում է 1994-95թթ. համաձայնագրերի եռակողմ ձևաչափի իսկության և կենսունակության, ինչպես նաև հակամարտության տևական հանգուցալուծման նպատակով Լեռնային Ղարաբաղի լիարժեք ներգրավվածության անհրաժեշտության մասին»:

Ղարաբաղյան հակամարտության հրադադարի մասին փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը՝ 1994-ի մայիսի 9-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը՝ մայիսի 10-ին, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը՝ մայիսի 11-ին: Հրադադարի մասին գրավոր համաձայնությունն ուժի մեջ է մտել 1994թ. մայիսի 12-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG