Մատչելիության հղումներ

Հայաստանը շարունակելու է հավատարիմ մնալ հրադադարի պահպանման համաձայնագրի իրականացմանը․ Փաշինյան


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել ղարաբաղյան հակամարտության հրադադարի հաստատման 25-ամյակի կապակցությամբ, ափսոսանք հայտնելով, որ դրա կնքումից քառորդ դար անց էլ հրադադարը «չի վերածվել խաղաղության»:

Ընդգծելով տարածաշրջանի ժողովուրդներին հակամարտության խաղաղ կարգավորմանը նախապատրաստելու կարևորությունը, վարչապետը նշել է, որ «հիմնախնդրի կարգավորման սցենարը պետք է ընդունելի լինի բոլոր երեք կողմերի՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար»:

«Առարկայական բանակցություններ և արդյունք հնարավոր են միայն այն դեպքում, երբ Արցախը կներգրավվի այն գործընթացում, որն ի վերջո որոշելու է նրա կարգավիճակն ու ապահովելու է այնտեղ ապրող մարդկանց անվտանգության երաշխիքները: Մենք վստահ ենք, որ եռակողմ համաձայնությունն այն իրական հիմքն է, որի հիման վրա հնարավոր է կառուցել երկարատև խաղաղություն և համագործակցություն», - իր ուղերձում փաստել է նա:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած ուղերձում Փաշինյանը շեշտել է՝ «ես՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, պատրաստ եմ երաշխավորել, որ Հայաստանը շարունակելու է հավատարիմ մնալ հրադադարի պահպանման համաձայնագրի իրականացմանն ու ջանքեր ներդնել՝ հիմնախնդրի կարգավորման և տարածաշրջանում խաղաղության հասնելու նպատակով՝ շարունակելով լինել Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը»:

Ղարաբաղյան հակամարտության հրադադարի մասին փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը՝ 1994-ի մայիսի 9-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը՝ մայիսի 10-ին, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը՝ մայիսի 11-ին: Հրադադարի մասին գրավոր համաձայնությունն ուժի մեջ է մտել 1994թ. մայիսի 12-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG