Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը խստացնում է Թեհրանի դեմ պատժամիջոցները


Մետաղյա խողովակներ արտադրող ձեռնարկություն Իրանում, արխիվ

Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանում Իրանի նկատմամբ: Նախագահ Դոնալդ Թրամփի կողմից չորեքշաբթի երեկոյան ստորագրված հրամանագրի համաձայն՝ պատժամիջոցների թիրախում են հայտնվում Իրանի արդյունաբերական ձեռնարկություններում արտադրված ալյումինի, պղնձի և երկաթի վաճառքից ստացվող եկամուտները:

Իրանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցներ սահմանելու որոշումը հրապարակվեց պաշտոնական Թեհրանի կողմից 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրի մի շարք դրույթների կատարումը սառեցնելու մասին հայտարարությունից մի քանի ժամ անց: Հրամանագրի ստորագրումից անմիջապես հետո Միացյալ Նահանգների նախագահը մեկ անգամ ևս կոչ արեց Թեհրանին «հրաժարվել միջուկային հավակնություններից և վերսկսել բանակցությունները»:

Տնտեսական ճնշմանը զուգահեռ՝ Վաշինգտոնը փորձում է Իրանի իշխանություններին հասկացնել, որ անհրաժեշտության դեպքում կարող է նաև ուժային մեթոդների դիմել:

Օրերս հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգները նոր ստորաբաժանումներ է տեղակայում Իրանի անմիջական հարևանությամբ` Պարսից ծոցում: Խոսքը, մասնավորաբար, առնվազն մեկ ավիակրի և ռմբակոծիչների նոր խմբաքանակի մասին է:

Վաշինգտոնի այս քայլը նախօրեին Սենատում կայացած լսումների ժամանակ մեկնաբանեց Միացյալ Նահանգների զինված ուժերի միացյալ շտաբների կոմիտեի ղեկավար գեներալ Ջոզեֆ Դանֆորդը:

«Ես ցանկանում եմ տեղեկացնել ձեզ, որ հանգստյան օրերին մեր գլխավոր խնդիրը [իրանական] գործողությունների զսպումն էր: Մինչ այդ մենք ծանոթացել էինք հետախուզության տվյալներին, գնահատել սպառնալիքի չափը և որոշել, թե ինչպես ենք արձագանքելու դրան: Ուրբաթ օրն արդեն մենք ուղերձներ ենք հղել, որպեսզի Իրանում ըմբռնեն, որ այդ սպառնալիքներն աննկատ չեն անցել, և մենք փորձելու ենք պատասխանել դրանց: Մենք փորձեցինք նաև արագացնել «Լինկոլն» ավիակրի և ռմբակոծիչների խմբի ընթացքը դեպի Պարսից ծոց, որպեսզի աներկբայորեն պարզ լինի, որ պատրաստ ենք հակադարձել ցանկացած վտանգի, որ սպառնում է մեր զինծառայողներին կամ էլ [տարածաշրջանում] մեր գործընկերներին», - դիմելով կոնգրեսականներին՝ հայտարարում էր Միացյալ Նահանգների զինված ուժերի հրամանատար գեներալ Դանֆորդը:

Իրանի շուրջ վերջին զարգացումները այսօր ռումինական Սիբիու քաղաքում մեկնարկած ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում քննարկում են նաև Եվրամիության անդամ պետությունների ղեկավարները: Համաժողովի մեկնարկից առաջ միջուկային համաձայնագիրը ստորագրած եվրոպական երեք պետությունների` Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարները և ԵՄ ղեկավարությունը հանդես եկան համատեղ հայտարարությամբ` հորդորելով անել հնարավորը Իրանի հետ համաձայնագիրը փրկելու համար:

«Մենք մերժում ենք ցանկացած տեսակի վերջնագրերը և շարունակելու ենք գնահատել, թե ինչպես է Իրանը կատարում միջուկային համաձայնագրի և միջուկային զենքի չտարածման համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները: Դրա հետ մեկտեղ, ցավում ենք, որ Միացյալ Նահանգների կողմից նոր պատժամիջոցներ են սահմանվել», - նշում են եվրոպացի դիվանագետները` հավելելով, որ Եվրամիությունը կանի ամեն ինչ Իրանի հետ օրինական առևտուրը շարունակելու համար:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, ԵՄ ղեկավարների համաժողովից առաջ անդրադառնալով Իրանի շուրջ ստեղծված իրադրությանը, նշում է, որ եվրոպացիների հիմնական նպատակը հետագա սրացումներից խուսափելն է:

«Մենք չպետք է արագորեն գրգռվենք և սկսենք սրել իրադրությունը: Ֆրանսիայի մոտեցումը սա է, և ես հուսով եմ, որ Իրանը նմանատիպ մոտեցում կորդեգրի», - լրագրողների հետ զրույցում ասում էր Ֆրանսիայի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG