Մատչելիության հղումներ

Իրանը դադարեցնում է միջուկային համաձայնագրի մի շարք դրույթների կատարումը


Իրանի նախագահը Հասան Ռոհանի, արխիվ

Իրանը ժամանակավորապես դադարեցնում է 2015 թվականին Արևմուտքի առաջատար պետությունների, ինչպես նաև Ռուսաստանի և Չինաստանի հետ կնքված միջուկային համաձայնագրի դրույթներից երկուսի կատարումը:

Այդ մասին այսօր Թեհրանում կայացած կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին` ընդգծելով, որ առաջիկա երկու ամիսներին սառեցված են լինելու միջուկային համաձայնագրի՝ ուրանի հարստացմանն ծավալներին, ինչպես նաև միջուկային ռեակտորներում օգտագործվող «ծանր ջրին» վերաբերող հոդվածները:

«Ըստ միջուկային պայմանագրի մի շարք դրույթների, մենք պարտավորություն էինք ստանձնել, որ ուրանի հարստացման մակարդակը չպետք է գերազանցեր 3,67 ցուցանիշը: Այս սահմանափակմանը մենք այլևս չենք հետևելու: Ուրանի հարստացման առավելագույն մակարդակ այսուհետ չի լինելու», - հայտարարել է Իրանի նախագահը:

Այս հայտարարություններին զուգահեռ Հասան Ռոհանին պաշտոնական նամակ է հղել Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարներին` բացատրելով կայացված որոշման դրդապատճառները: Ռոհանիի նամակից պարզ է դառնում, որ Իրանի իշխանությունները ժամանակավորապես դադարեցնում են միջուկային ռեակտորներում կիրառվող «ծանր ջրի» ավելցուկի պարտադիր վաճառքը` ևս մեկ պարտավորություն, որ ստանձնել էր Թեհրանը համաձայնագրի կնքման ընթացքում:

Իրանի նախագահը նշում է, որ Թեհրանը 60 օր ժամանակ է տրամադրում համաձայնագիրը կնքած մյուս կողմերին, որպեսզի նրանք կատարեն փաստաթղթով սահմանված իրենց պարտավորությունները:

«Խոսքը Միացյալ Նահանգների կողմից սահմանված պատժամիջոցները շրջանցող գործուն մեխանիզմի ձևավորման մասին է», - նշում են իրանցի պաշտոնյաները:

«Հինգ պետությունների ղեկավարներին ուղղված նամակում մենք հստակորեն զգուշացրել ենք` եթե մեր այսօրվա քայլը որպես պատրվակ օգտագործելով Իրանի միջուկային ծրագրի թեման հայտնվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգում, ապա դա մեր կողմից շատ կոշտ պատասխանի կհանդիպի: Մեր մտադրությունները շատ պարզ են: Մենք այս քայլով ցույց տվեցինք մեդալի հակառակ կողմը: Եթե համաձայնագիրը կնքած մյուս պետությունները չեն կատարում իրենց ստանձնած պարտավորությունները, այդ դեպքում մենք ի պատասխան կարող ենք նմանատիպ քայլերի դիմել: Բայց մեր ժողովուրդը պետք է հստակ ըմբռնի, որ մենք սահմանափակում ենք միջուկային համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների շրջանակը, այլ ոչ թե լքում համաձայնագգիրը», - հայտարարել է Ռոհանին:

Թեհրանից հնչող այս հայտարարություններին զուգահեռ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը այսօր առավոտյան ժամանեց Մոսկվա` իր հետ բերելով Հասան Ռոհանիի նամակը Սերգեյ Լավրովին: Դատելով ռուս-իրանական բանակցությունների առաջին արդյունքներից` Մոսկվայի համար իրանական կողմի ներկայացրած փաստարկները ընդհանուր առմամբ ընդունելի են:

«Այն իրավիճակը, որ ստեղծվել է Միացյալ Նահանգների մեղքով, լուրջ բարդություններ է ստեղծում թե՛ համաձայնագրի մասնակիցների կողմից Իրանի առջև ստանձնած պարտավորությունների կատարման և թե՛ միջուկային զենքի տարածման ռեժիմի շուրջ ձևավորված ընդհանուր կացության առումով», - Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի պնդմամբ, այս փուլում որոշիչ կարող է դառնալ միջուկային համաձայնագրին մաս կազմող եվրոպական պետությունների ներկայացուցիչների դիրքորոշումը, որոնք դեռ անցած տարեվերջին էին նախաձեռնել Իրանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցները շրջանցող հատուկ մեխանիզմի ստեղծումը:

«Ակնկալում ենք, որ մեր գործընկերները, նախևառաջ եվրոպացիները, որոնք լծվել էին ամերիկացիների կողմից ստեղծված խոչընդոտների հաղթահարմանը, կկատարեն իրենց խոստումները», - այսօր ասել է Լավրովը:

«Եթե եվրոպացիները կյանքի կոչեն համաձայնագրով իրենց ստանձնած պարտավորությունները, ապա մենք կարող ենք երաշխավորել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը», - իր հերթին նշել է Իրանի արտգործնախարար Զարիֆը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG