Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության (ԵՔՔՎ) ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է Varks.am ՈւՎԿ ՓԲ ընկերության աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակում և կողոպուտ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննչական կոմիտեն իր հաղորդագրությունում նշում է, որ այս տարվա հունվար ամսվա տարբեր օրերին Varks.am ընկերության՝ Երևանում գտնվող տարբեր մասնաճյուղերից կատարվել էին առանձնապես խոշոր չափերով գումարների հափշտակություններ, հարուցվել էին քրեական գործեր: Քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էին դեպքերի մի շարք հանգամանքներ, հանցագործությունները կատարած անձի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է՝ ծնված 1990 թվականին: Հաշվի առնելով, որ հանցագործությունները կատարվել են նույն անձի կողմից՝ որոշում է կայացվել հարուցված քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և նախաքննությունը համատեղ կատարելու վերաբերյալ:
Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 28-ամյա երիտասարդը գործարք կատարելու պատրվակով մտել է Varks.am-ի երևանյան երեք մասնաճյուղեր, ապա, նաև՝ աշխատակիցների կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով, հափշտակել է ընդհանուր առմամբ շուրջ 5 միլիոն դրամ գումար ու դիմել փախուստի:
Բացի այդ, երիտասարդը նախաքննության ընթացքում, երբ քննչական գործողության մասնակցելու նպատակով տեղափոխվել է ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժին, նախապես պլանավորելով փախուստը, աշխատասենյակի պատուհանն անսպասելիորեն բացելով, ցատկել է դուրս՝ փորձելով դիմել փախուստի, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներով. ՀՀ ոստիկանության ԵՔՎ ուղեկցող գումարտակի աշխատակիցները բռնել են նրան՝ կանխելով փախուստը, ասված է հաղորդագրությունում:
28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի («Կողոպուտը») 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), 175-րդ հոդվածի («Ավազակությունը») 2-րդ մասի 2-րդ կետով և 34-355-րդ հոդվածի («Ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից փախուստի փորձ») 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Որոշում է կայացվել երիտասարդին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա կալանք դնելու մասին: