Այսօր յոթանասուն տարին բոլորող Եվրոպայի խորհուրդը մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության վրա խարսխված համընդհանուր արժեհամակարգ և եվրոպական միասնական իրավական տիրույթ է՝ 840 միլիոն քաղաքացիների համար, այսօր ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին՝ Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի առթիվ ուղղված իր շնորհավորական ուղերձում:
«Հարգարժան պարոն գլխավոր քարտուղար, յոթանասուն տարի առաջ՝ Երկրորդ աշխարհամարտի կործանարար հետևանքները հաղթահարելու, խաղաղ ապագայի ու համամարդկային իդեալների կյանքի կոչման տեսլականով սկիզբ դրվեց Եվրոպայի խորհրդին, որը դարձավ համաեվրոպական առաջին կառույցը և ներկայիս եվրոպական ճարտարապետության հիմնակունքներից մեկը։
Այսօր յոթանասուն տարին բոլորող Եվրոպայի խորհուրդը մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության վրա խարսխված համընդհանուր արժեհամակարգ և եվրոպական միասնական իրավական տիրույթ է՝ 840 միլիոն քաղաքացիների համար։
Հայաստանը կարևորում է Եվրոպայի խորհրդի բացառիկ դերի շարունակական ամրապնդումը և պատրաստ է աջակցել կազմակերպությանն իր հետագա բարեփոխումներում։
Հայաստանի Հանրապետության կառավարության, հայ ժողովրդի և անձամբ իմ անունից մաղթում եմ Եվրոպայի խորհրդին անսասան կենսունակություն՝ ի նպաստ եվրոպական մայրցամաքում պաշտպանված ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության, հանուն «Մեր իրավունքների, մեր ազատությունների և մեր Եվրոպայի», - ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի ասված է ուղերձում: