Մատչելիության հղումներ

Շենգավիթում երեկ երկու եղբայրների են դանակահարել, նրանցից մեկը մահացել է․ կասկածյալը ձերբակալված է


Երևանի Շենգավիթ վարչական շրջանում երեկ երկու եղբայրների են դանակահարել, նրանցից մեկը մահացել է, մյուսը ծանր մարմնական վնասվածքով հիվանդանոցում է: Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու միջադեպի բոլոր հանգամանքները:

«Նախնական տվյալներով՝ 2019թ. մայիսի 1-ին՝ ժամը 03:35-ին, Շենգավիթ բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանում գործող տաքսի ծառայություններից մեկի վարորդը հիվանդանոց է տեղափոխել երկու եղբայրների՝ մոտ 30 տարեկան, երկուսն էլ՝ դանակահարված վիճակում», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

«Շենգավիթ Բ/Կ-ից ստացված տեղեկանքի համաձայն՝ եղբայրներից մեկը հիվանդանոց է տեղափոխվել կրծքավանդակի և որովայնի շրջանի՝ թվով 4 կտրած-ծակած վերքերով, որոնցից երեքը՝ թափանցող կրծքային և որովայնի խոռոչներ: Վերջինիս ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, կատարվել է վիրահատություն, սակայն վիրահատությունը դադարեցվել է սրտի կանգի պատճառով, և ժամը 05:15-ին գրանցվել է նրա կենսաբանական մահը», - հաղորդում է Քննչական կոմիտեն: Դեպքի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի («Սպանություն») 1-ին մասով:

Բժշկական կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ եղբայրներից մյուսի մոտ ախտորոշվել է «պարանոցի և կրծքավանդակի ձախ կեսի կտրած ծակած թափանցող վնասվածք, ձախակողմյան լարված պնևմոթորաքս»: Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի («Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը») 1-ին մասով:

Որոշում է կայացվել երկու քրեական գործերը միացնելու և մեկ վարույթում քննելու վերաբերյալ:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել են գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, մասնավորապես՝ դեպքի վայրը, շարժառիթը, տուժածների ինքնությունը, ովքեր Երևան քաղաքի բնակիչներ են` ծնված 1988 և 1987 թվականներին: «Կատարված անհրաժեշտ քննչական, դատավարական և այլ գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույնպես Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1987 թվականին: Վերջինս, սպանություն կատարելու և ծանր մարմնական վնասված պատճառելու կասկածանքով, բերման է ենթարկվել և ձերբակալվել», - ասված է հաղորդագրությունում:

Նշանակվել են դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են մեկ տասնյակից ավելի վկաներ: Ձեռնարկվում են համապատասխան քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է, փոխանցում է Քննչական կոմիտեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG