Մատչելիության հղումներ

Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները քննարկել են Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պաշտոնական ճաշի ժամանակ, Վլադիվոստոկ, 25-ը ապրիլի, 2019թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պաշտոնական ճաշի ժամանակ, Վլադիվոստոկ, 25-ը ապրիլի, 2019թ․

Ռուսաստանի հեռավորարևելյան Վլադիվոստոկ քաղաքում այսօր կայացել է Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի նախագահների հանդիպումը:

Սա Վլադիմիր Պուտինի և Կիմ Չեն Ընի առաջին գագաթնաժողովն է: Նրանց առանձնազրույցը տևել է երկու ժամ, ինչից հետո ևս մեկուկես ժամ հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով:

Բանակցություններից հետո Պուտինը, միայնակ դուրս գալով լրագրողների դիմաց, առաջարկել է միանգամից անցնել հարցերին: Այստեղ նա առաջին անգամ արձագանքել է Ուկրաինայի նախագահական ընտրությունների արդյունքներին: «Իսկ ի՞նչ կա այդտեղ գնահատելու․ դա Պորոշենկոյի քաղաքականության լիակատար և բացարձակ տապալումն էր», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Պուտինը նաև մեկնաբանել է Ուկրաինայի Դոնբասի շրջանի բնակիչներին պարզեցված կարգով Ռուսաստանի քաղաքացիություն և անձնագիր տրամադրելու մասին իր հրամանագիրը՝ տարօրինակ համարելով այդ որոշման բացասական արձագանքները:

Նա զուգահեռներ է անցկացրել՝ ասելով, թե Միացյալ Նահանգները կարող է անձնագրեր տրամադրել հունգարացիներին, ռումինացիներին, լեհերին, և այդ դեպքում հարց է առաջանում, թե Ուկրաինայում ապրող ռուսները կամ Ռուսաստանի հետ կապված ուկրաինացիները ինչով են վատ ռումինացիներից, լեհերից կամ հունգարացիներից: «Ես այստեղ որևէ արտառոց բան չեմ տեսնում», - նշել է Պուտինը:

Այսօրվա գագաթնաժողովի հետ կապված՝ Ռուսաստանի նախագահը հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ քննարկել են Կորեական թերակղզու ապամիջուկայնացման, պատժամիջոցների և ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի հետ կապված հարցերը:

Նրա խոսքով՝ ապամիջուկայնացումը նշանակում է Հյուսիսային Կորեայի զինաթափում, և ինչպես ինքը բազմիցս ասել է, պաշտոնական Փհենյանը նույնպես ասում է՝ ապամիջուկայնացման դեպքում Հյուսիսային Կորեային անվտանգության և ինքնիշխանության երաշխիքներ են անհրաժեշտ:

Բանակցություններից հետո Վլադիմիր Պուտինը և Կիմ Չեն Ընը պաշտոնական ճաշի են նստել: Սեղանի շուրջ Ռուսաստանի նախագահը կենաց է ասել՝ բաժակ բարձրացնելով երկու երկրների միջև բարեկամության և համագործակցության հետագա ամրապնդման, երկու երկրների ժողովուրդների բարեկեցության, «ընկեր Կիմ Չեն Ընի» և բոլոր ներկաների առողջության համար:

Հյուսիսային Կորեայի առաջնորդն ասել է, թե Ռուսաստանի նախագահի հետ բովանդակալից և անկեղծ բանակցություններ են ունեցել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները զարգացնելու, ինչպես նաև Կորեական թերակղզում և տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու, միջազգային խնդիրներում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Կիմ Չեն Ընը նույնպես կենաց է ասել՝ առաջարկելով խմել երկու երկրների ժողովուրդների երջանիկ և պայծառ ապագայի ու «ներկա ընկերների» առողջության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG