Մատչելիության հղումներ

«Դոնբասի օկուպացման անձնագրային փուլը»․ Կիևը դատապարտում է Պուտինի որոշումը


Ուկրաինայի և Ռուսաստանի անձնագրեր, արխիվ

«Դոնբասի օկուպացման անձնագրային փուլը»․ այսպես է արձագանքում պաշտոնական Կիևը Ռուսաստանի նախագահի աղմկահարույց որոշմանը, որը թույլ է տալիս Ուկրաինայի անջատական շրջաններում բնակվող միլիոնավոր ուկրաինացիների ռուսաստանյան անձնագիր ստանալ:

Ուկրաինայի իշխանությունները արևմտյան գործընկերներին խնդրում են նոր պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ: Վլադիմիր Պուտինի կողմից նախօրեին ստորագրված հրամանագրով դյուրացվում է Ուկրաինայի արևելքում ռուսամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող Դոնբասի բնակիչներին ռուսաստանյան քաղաքացիություն և անձնագիր տրամադրելու գործընթացը, որն այսուհետ կտևի ընդամենը երեք ամիս՝ դիմելու պահից սկսած:

«Որոշման նպատակը քաղաքացու և մարդու ազատության և իրավունքի պաշտպանությունն է», - հայտարարել է Պուտինը։

Նա այդ որոշումը ստորագրել է Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլից ընդամենը երեք օր անց, որի արդյունքներով նախագահ է ընտրվել քաղաքական փորձ չունեցող 41-ամյա շոումեն Վլադիմիր Զելենսկին:

«Որևէ ցանկանություն չունենք Ուկրաինայի նոր իշխանությունների համար խնդիրներ ստեղծելու, սակայն հանդուրժել այս իրավիճակը, որի հետևանքով Դոնեցկի և Լուգանսկի հանրապետություններում ապրող մարդիկ զրկված են որևէ քաղաքացիական իրավունքներից, այլևս անցնում է բոլոր սահմանները՝ մարդու իրավունքների տեսանկյունից», - հայտարարել է Կրեմլի ղեկավարը, ով հրաժարվել է շնորհավորել Զելենսկուն՝ հարևան երկրի նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Պաշտոնական Կիևը դատապարտել է Կրեմլի որոշումը և դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Կառույցը հարցը կքննարկի այսօր երեկոյան։ Ուկրաինայի գործող նախագահ Պետրո Պորոշենկոյի խոսքերով՝ Կրեմլն այդ սադրիչ քայլով փորձում է օրինականացնել Ռուսաստանի ռազմական ներկայությունը Դոնբասում, հաջորդ քայլը, ըստ Պորոշենկոյի, կլինի Դոնբասի բռնակցումը:

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին, ով նախընտրական քարոզարշավի ժամանակ հավաստիացնում էր, թե հաշտության ուղիներ է փնտրելու Ուկրաինայի արևելքում բնակվող հայրենակիցների հետ, ստիպված է կոշտացնել դիրքորոշումը: Ընտրյալ նախագահի նախընտրական շտաբը կոչ է արել միջազգային հանրությանը խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:

«Մեր պետության վերահսկողությունից ժամանակավորապես դուրս գտնվող տարածքների Ուկրաինայի քաղաքացիներին ռուսաստանյան անձնագրեր տրամադրելու մասին հրամանագրով Ռուսաստանի Դաշնությունն ընդունում է իր պատասխանատվությունը որպես օկուպանտ պետություն», - հայտարարել է հունիսին պաշտոնը ստանձնող Զելենսկու թիմը:

Պուտինի անձնագրային հրամանագիրը դատապարտել են նաև արևմտյան երկրները: Դոնբասի հակամարտության կարգավորման միջնորդ Բեռլինը հիշեցնում է, որ Դոնբասը հանդիսանում է Ուկրաինայի պետական տարածք, և այդ տարածքում բնակվող Ուկրաինայի քաղաքացիներին պարզեցված կարգով անձնագիր տրամադրելը հակասում է Մինսկյան պայմանավորվածությունների ոգուն, Deutsche Welle-ի փոխանցմամբ, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարությունը:

«Ռուսաստանի սադրիչ քայլերը է՛լ ավելի են սաստկացնում հարձակումները Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա», - դատապարտելով Պուտինի որոշումը՝ հայտարարել է ամերիկյան Պետդեպարտամենտը:

2014 թվականին Ղրիմի թերակղզու բռնակցումից հետո Դոնբասի շրջանում սկիզբ առած պատերազմը մինչ օրս շարունակվում է, որի հետևանքով ավելի քան 13 հազար մարդ զոհվել է, ևս երկու միլիոն մարդ ստիպված լքել է մշտական բնակության վայրը: Մոսկվան, որը ֆինանսական օգնություն և ռազմական ուժեր է ուղարկում ուկրաինական երբեմնի արդյունաբերական Լուգանսկի և Դոնեցկի շրջաններ, շարունակում է հերքել Ուկրաինայի արևելյան այդ շրջաններում ռուսամետ անջատականներին սատարելու վերաբերյալ Կիևի և արևմտյան երկրների մեղադրանքները` պնդելով, որ հակամարտությունը քաղաքացիական պատերազմ է:

Միջազգային քրեական դատարանը, սակայն, 2016 թվականին վճռել է, որ «Ուկրաինայի արևելքում միջազգային հակամարտություն է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև»: Մինչ այդ էլ՝ 2015 թվականին Կիևն ու Մոսկվան համաձայնել են այդ հակամարտությունը կարգավորելու հարցով խաղաղության պլան ստորագրել, որը հայտնի է որպես Մինսկյան համաձայնագիր:

Դոնբասի բնակիչներին ռուսաստանյան անձնագիր տրամադրելու մասին խոսակցությունները հրապարակային դարձան անցյալ տարի ամռանը: Կրեմլի ղեկավարի մասնակցությամբ ավանդական «թեժ գծի» ժամանակ ուկրաինացի փախստական ներկայացած անձը, դիմելով Պուտինին, խնդրել էր վերանայել միգրացիոն օրենսդրությունը և մարդկանց ազատել փաստաթղթային քաշքշուկներից:

«Ես ինձ անհարմար եմ զգում, որ Ուկրաինայի փախստականները խնդիրներ ունեն», - այդ բողոքը լսելուց հետո դիմելով պաշտոնյաներին՝ ասել էր Ռուսաստանի նախագահը, այդպիսով ազդարարելով գործընթացի մեկնարկը:

Ռուս-ուկրաինական լարվածությունը մտահոգել է նաև Արևմուտքին: Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին ի պատասխան՝ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը 2014 թվականից ի վեր տասնյակ տնտեսական ցավոտ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ, որոնք մինչ օրս պահպանում են՝ Ռուսաստանի տնտեսությանը հասցնելով միլիարդավոր դոլարների վնաս: Միայն Եվրամիության սահմանափակումների պատճառով Մոսկվան շուրջ 2,5 միլիարդ դոլար է կորցրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG