Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ը քննարկելու է կանոնադրությունը փոխելու Հայաստանի առաջարկը․ РБК


ՀԱՊԿ և կազմակերպության անդամ, դիտորդ երկրների դրոշները, արխիվ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտգործնախարարների առաջիկա հանդիպմանը, որը կայանալու է մայիսի 22-ին Բիշքեկում, հնարավոր է համաձայնեցվի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու Հայաստանի առաջարկը: Դրանից հետո, համաձայնեցված փոփոխությունները հավանություն ստանալու և հաստատվելու համար կներկայացվեն ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին՝ գագաթնաժողովը նախատեսված է աշնանը:

Հայաստանի առաջարկած փոփոխությունների իմաստը կազմակերպության գլխավոր քարտուղարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելուց հետո նոր գլխավոր քարտուղարի նշանակման ընթացակարգը հստակեցնելն է:

ՀԱՊԿ կանոնադրությունը փոփոխելու Հայաստանի առաջարկները քննարկելու մասին ռուսական РБК գործակալությանը ասել են կազմակերպության անդամ երկրներից երկուսի դիվանագետները:

ՀԱՊԿ-ում վեց երկիր կա՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը: Թե դրանցից որ երկու երկրների դիվանագետներն են ասել առաջիկա քննարկումների մասին, չի հստակեցվում:

Այդ դիվանագետները նաև ասել են, որ մինչև 2020 թվականը գլխավոր քարտուղարի պաշտոնակատար կմնա Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը, դրանից հետո արդեն գլխավոր քարտուղարի պաշտոնը երեք տարի ժամկետով կանցնի Բելառուսին:

Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան РБК-ի հարցմանը հստակ պատասխան չի տվել: «ՀԱՊԿ արտգործնախարարների հանդիպման օրակարգը և ստորագրման համար նախատեսվող փաստաթղթերի փաթեթը ներկայիս պահին ձևավորման փուլում են: Ավելի մանրամասն տեղեկատվություն կներկայացնենք հանդիպման անցկացմանը մոտ ժամանակահատվածում: Հանդիպման արդյունքներով կտեղեկացնենք ընդունված որոշումների մասին», - ասել է Զախարովան:

ՀԱՊԿ կանոնադրության համաձայն, գլխավոր քարտուղարը ռոտացիոն կարգով՝ ըստ այբբենական կարգի, նշանակվում է երեք տարի ժամկետով: Նման կարգով գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջին անգամ նշանակվել էր Հայաստանի ներկայացուցիչը: Մինչ այդ երկար ժամանակ՝ 2003 թվականից, այդ պաշտոնում Ռուսաստանի ներկայացուցիչ Նիկոլայ Բորդյուժան էր: 2017 թվականին ռոտացիան կարգը առաջին անգամ կիրառվեց, և Յուրի Խաչատուրովը Հայաստանի կողմից նշանակվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Սակայն թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի նոր իշխանությունները նրան մեղադրանք առաջադրեցին, այդ պաշտոնից նրան հետ կանչեցին, և անցած տարվա հոկտեմբերի 30-ին Խաչատուրովի լիազորությունները դադարեցվեցին, այդ պաշտոնը մնաց թափուր:

Երևանը պնդում է, որ երեք տարի այդ պաշտոնում պետք է լինի Հայաստանի ներկայացուցիչը, և Յուրի Խաչատուրովի փոխարեն Հայաստանը պետք է նոր մարդու նշանակի:

Բելառուսը պնդում է, որ հաջորդ գլխավոր քարտուղարը պետք է լինի իր ներկայացուցիչը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն էր տվել երկրի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությանը, ըստ լուրերի՝ ՀԱՊԿ անդամ մյուս երկրները համաձայն էին նրա նշանակմանը, բայց Հայաստանը համաձայն չէր:

Եվ ահա, ինչպես հաղորդում է РБК-ն, ՀԱՊԿ-ը քննարկելու է ռազմաքաղաքական այդ կազմակերպության կանոնադրությունը փոխելու Հայաստանի առաջարկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG