Մատչելիության հղումներ

«Ամենևին ցանկալի բան չէ, որ քո երկրի գեներալը ապաստան է խնդրում ուրիշ երկրից». «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր


Ամենևին ցանկալի բան չէ, որ քո երկրի գեներալը ապաստան է խնդրում ուրիշ երկրից, հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ լրագրողների խնդրանքով անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին, թե Ռուսաստանում կալանավորված Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանի իշխանություններից։

«Վատ եմ վերաբերվում, ամենևին ցանկալի բան չէ, որ քո երկրի նախկին բարձրաստիճան պաշտոնյան, գեներալը, որոշ իմաստով պետական գաղտնիքի կրողն ապաստան է խնդրում ուրիշ երկրից։ Ինչ վերաբերում է ազդեցությանը, թե Ռուսաստանը մեզ հետ մտնի ինչ-որ բանակցությունների, կամ սակարկությունների մեջ, չեմ կարծում, բայց ինձ էդ հարցի մասնագետը չեմ համարում ու չեմ էլ ուզում այնպիսի հարցերի պատասխանել, որ ձեզնից լավ չգիտեմ», - ասաց Թունյանը։

Հարցին, թե սա կարո՞ղ է վնաս հասցնել նոր Հայաստանի հեղինակությանը միջազգային հարթակներում, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը պատասխանեց. - «Սա որևէ կերպ Հայաստանին միջազգային հարթակներում վնաս չի հասցնի, հակառակը՝ եթե մեզ մոտ բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է որևէ հանցագործության մեջ և դատական համակարգով փորձում է արդարությունը վերականգնել, դա խոսում է այն մասին, որ այդ երկրում ինչ-որ բան է փոխվել և արդարադատությունը սկսել է աշխատել։ Եթե դա որևէ մեկի մոտ կարող է հակասական, բացասական տրամադրություններ արթնացնել, ուրեմն խնդիրը ոչ թե մեզ մոտ է, այլ իրեն մոտ է»։

Ըստ Հատուկ քննչական ծառայության, Միհրան Պողոսյանը ԴԱՀԿ պետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին՝ օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

Ավելի վաղ Պողոսյանը հայտնաբերվել էր Կարելիայի հանրապետությունում և ձերբակալվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG