Մատչելիության հղումներ

Միհրան Պողոսյանի անվան հետ կապվող օֆշորային գործի վարույթը վերսկսվել է


Հատուկ քննչական ծառայությունը վերսկսել է նախկին Հանրապետական պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի օֆշորային սկանդալի մասին 2016-ի մայիսին հարուցված քրեական գործով վարույթը։ «Ազատության» հետ զրույցում այս տեղեկատվությունը հաստատեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Քրեական գործը հարուցվել էր ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հատկանիշներով։ Դրա համար հիմք էր հանդիսացել «Հետք»-ի հրապարակումն այն մասին, որ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների միջոցով բիզնես է արել, պաշտոնն օգտագործել է սեփական գործի զարգացման համար՝ թաքցնելով եկամուտները։

Միհրան Պողոսյանի ու նրա բարեկամների անունները հայտնվել էին ներկա ու նախկին պաշտոնյաների՝ այդ թվում Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի անունների կողքին:

Քրեական գործի հարուցումից մեկ ամիս անց Պողոսյանը հրաժարական էր տվել Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության ղեկավարի պաշտոնից։ - «Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին»,- ԴԱՀԿ պաշտոնական կայքում տեղադրած իր գրառման մեջ նշել էր Պողոսյանը։

Հանրապետական խմբակցության նախկին պատգամավորի հետ կապվել այսօր չհաջողվեց, նրա հեռախոսահամարն անհասանելի էր։ 2017-ի հունվարին, երբ կարճվել էր քրեական գործը, «Ազատության» հետ զրույցում Միհրան Պողոսյանը թյուրիմացություն էր որակել այն:

«Ես ի սկզբանե ներկայացրել եմ փաստաթուղթ, որում սևը սպիտակով գրված է եղել, որ այդ ամենը թյուրիմացություն է և ճիշտ ինֆորմացիա չէ, և բազմաթիվ մարդիկ այդ ամիսների ընթացքում հարցաքննվեցին», - նշել էր Միհրան Պողոսյանը։

Գործի կարճումից 2 ամիս անց՝ 2017-ի ապրիլին, Պողոսյանը Հանրապետական խմբակցության ցուցակով Ազգային ժողովի պատգամավոր ընտրվեց: Իրավապահները այն ժամանակ պնդում էին, որ գործը ընթացք չստացավ հանցակազմի բացակայության հիմքով։ Հատուկ քննչական ծառայությունն էլ հաղորդել էր, որ մամուլում հրապարակված ընկերությունների, ինչպես նաև քննության համար հետաքրքրություն ներկայացնող ժամանակահատվածում ԴԱՀԿ ապահովող ծառայության հետ համագործակցած մյուս կազմակերպությունների աշխատակիցների ցուցմունքներով և նախաքննության ընթացքում կատարված քննչական այլ գործողությունների արդյունքում չի հիմնավորվել Միհրան Պողոսյանի կողմից Հայաստանում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող որևէ կազմակերպության գործունեությանն ապօրինի մասնակցելու հանգամանքը:

«Պանամական փաստաթղթերի» միջազգային հետաքննությանը մասնակցած «Հետք» պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն 2017-ին «Ազատությանը» հայտնել էր, որ քննչական մարմինն իրենցից նույնիսկ չի պահանջել այն փաստաթղթերը, որոնցով կապացուցվեր Պողոսյանի ապօրինի գործունեությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG