Մատչելիության հղումներ

Քաղաքական ապաստան խնդրելն ընդհանրապես լավ երևույթ չէ. ԲՀԿ-ական պատգամավոր


Քաղաքական ապաստան խնդրելն ընդհանրապես լավ երևույթ չէ, այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ լրագրողների խնդրանքով անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին, թե Ռուսաստանում կալանավորված Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանի իշխանություններից։

Մելքումյանը նշեց՝ հարցը լայնածավալ չեն մեկնաբանում, այն իրավական հարթությունում է, խորհուրդ տվեց սպասել դեպքերի ընթացքին ու առաջ չանցնել։

«Գործընթացն իրավական հարթույթունում է բացառապես, սպասենք դեպքերի ընթացքին, առաջ չանցնենք։ Յուրաքանչյուր մարդու գործն է, թե ինքն ինչ վարվելակերպ է ընտրում այս կամ այն երկրում լինելով, այս կամ այն իր, այսպես կոչված, խնդիրները կարգավորելու համար։ Չենք մեկնաբանում լայնածավալ, դա իր հարցն է, իրավական հարթությունում է, սպասենք դեպքերի ընթացքին», - ասաց Մելքումյանը։

Ճշտող հարցին, թե զուտ իրավակա՞ն հարց է, որ գեներալը քաղաքական ապաստան է խնդրում այլ երկրից, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. - «Չէ, իրավական հարցն այն առումով է, որ առումով որ ինքը շաղկապված է իրավական հարցի հետ, իհարկե քաղաքական ապաստան խնդրելը պարզ է, որ լավ բան չի, որևէ մեկը չի ողջունում, բայց քանի որ ինքն իրավական հարթության մեջ է, երկու բան տարանջատենք, սպասենք դեպքերի ընթացքին, արձանագրենք, որ քաղաքական ապաստան խնդրելն ընդհանրապես լավ երևույթ չէ»։

Հիշեցնենք, ըստ Հատուկ քննչական ծառայության, Միհրան Պողոսյանը ԴԱՀԿ պետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին՝ օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

Ավելի վաղ Պողոսյանը հայտնաբերվել էր Կարելիայի հանրապետությունում և ձերբակալվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG