Մատչելիության հղումներ

Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան` լինեն ընդդիմադիր, թե իշխանավոր. Փաշինյան


Օրենքը կրկնակի խիստ է լինելու բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կանգնել են ժողովրդի առաջ ու խոսել օրինականությունից, այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հայաստանի վարչապես Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի շուրջ ծավալված քննարկումներին։

«Եզրակացությունս մեկն է՝ «ախպերական» մտածելակերպը շատ ավելի խորն արմատներ ունի Հայաստանում, քան օլիգարխիան ու կրիմինալը։ Նույնիսկ քաղաքացիական ակտիվիստների ու քաղաքական գործիչների համար «ախպերությունը» մնում է աշխարհընկալման հիմնական բանաձև։ Թքած ճշմարտության և ճշմարտության շահերի վրա, թքած հեղափոխության ու նրա արժեքների վրա», - գրել է վարչապետը։

Փաշինյանը նշել է, որ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան՝ լինեն իշխանավոր, թե ընդդիմադիր։

«Եթե անցել են իրենց գծած գիծը, նրանց մեղադրանքը միայն քրեական օրենսգրքով չի լինելու, նրանց մեղադրանքը լինելու է ժողովրդին դավաճանելու տրամաբանությամբ։ Սա ասում եմ՝ առանց որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու։ Թողեք նորմալ քննություն ընթանա։ Եթե դուք չթողնեք, ես դա կապահովեմ։ Օրենքով ինձ տրված լիազորությունների շրջանակներում», - գրել է վարչապետը։

Ապրիլի 18-ին պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին։ Խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ըստ ԱԱԾ-ի՝ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից որոշում է կայացվել ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին, որն ուղարկվել է Հայաստանի վարչապետին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG