Կարող ենք կանխատեսել թեկնածու Զելենսկու համոզիչ հաղթանակը, այս մասին երեկ տեղի ունեցած Պորոշենկո-Զելենսկի բանավեճից հետո «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ուկրաինացի քաղաքագետ Միխայլո Բասարաբը։
«Ազատություն». Պարոն Բասարաբ, երեկ այստեղ՝ Օլիմպիյսկի մարզադաշտում, Ուկրաինայի նախագահի ու պարոն Զելենսկու միջև տեղի է ունեցել հեռուստաբանավեճ։ Ի՞նչ կարող եք ասել արդյունքների մասին, ինչպիսի՞ն է Ձեր տպավորությունը։
Միխայիլո Բասարաբ. Դե, նախևառաջ, երեկվա իրադարձությունը երկրի կենտրոնական մարզադաշտում ցույց տվեց, որ Ուկրաինան ժողովրդավարական պետություն է։ Բոլոր այն խոսակցությունները, որ Ուկրաինան ոչ ժողովրդավարական պետություն է, կամ որ 2014 թվականից հետո Ուկրաինան գնաց ավտորիտար ռեժիմի հաստատման ճանապարհով, ինչի մասին մենք հաճախակի ենք լսում ռուսաստանյան քարոզչությունից, երեկ չեն հաստատվել։ Երեկվա հեռուստաբանավեճը ցույց է տվել մեզ հակառակ պատկերը, այն ցույց է տվել, որ Ուկրաինան ժողովրդավարական պետություն է, որովհետև նախագահը իր ընդդիմախոսի՝ ընդդիմադիր թեկնածուի նկատմամբ զիջումների է գնացել, նա համաձայնել է անցկացնել հեռուստաբանավեճը այն ձևաչափով, որով նրա ընդդիմախոսը առաջարկել էր անցկացնել դա։ Այն փաստը, որ նախագահը ընդառաջեց դրան, արդեն նշանակում է, որ մենք գնում ենք ժողովրդավարական ճանապարհով։ Սա առաջին եզրակացությունն է։ Եվ ես համաձայն եմ նրանց հետ, ովքեր հենց այսպես են գնահատում երեկվա հեռուստաբանավեճը։ Ինչ վերաբերում է քննարկման բուն ձևաչափին, ապա իմ կարծիքով՝ երեկվա ձևաչափն ավելի ձեռնտու էր պարոն Զելենսկուն, քանի որ մենք ականատես դարձանք, ոչ թե հեռուստաբանավեճի, այլ ավելի շատ շոուի։ Այն ավելի շատ շոու է, քան քննարկում, ըստ էության, և դա ավելի ձեռնտու էր թեկնածու Զելենսկու համար։
«Ազատություն». Պարոն Բասարաբ, արդյո՞ք կարելի է ասել, որ երեկվա հեռուստաբանավեճը կամ շոուն ավելի շատ ամրապնդել է Զելենսկու, քան Պորոշենկոյի դիրքերը։
Բասարաբ. Ես չէի ասի այսպես ու չէի համաձայնի նման պնդման հետ։ Քանի որ ընտրողների համակրանքները ձևավորվել են շատ ավելի շուտ, ոչ թե երեկ։ Մենք տեսել ենք սոցիոլոգիական ուսումնասիրությունների արդյունքները, որ ցույց էին տալիս մեզ ընտրազանգվածի հստակ համակրանքների տեղաբաշխումը։ Ուստի, եթե լինենք արդար, մենք կարող ենք պնդել, որ երեկ թեկնածուներից յուրաքանչյուրը կարողացավ այս կամ այլ կերպ մոբիլիզացնել իր ընտրազանգվածը։ Եվ դա նշանակում է, որ Պորոշենկոն չհասավ իր նպատակին, քանի որ նա ուզում էր օգտագործել հեռուստաբանավեճը Զելենսկու ընտրողների որոշակի հատվածին համոզելու համար։ Սակայն ի դժբախտություն թեկնածու Պորոշենկոյի, երեկ դա տեղի չունեցավ։
«Ազատություն». Ի՞նչ եք կարծում, եթե հաղթի Զելենսկին, կամ եթե հաղթի Պորոշենկոն, կլինե՞ն արդյոք փոփոխություններ Ուկրաինայի արտաքին քաղաքականության մեջ։
Բասարաբ. Անցյալ շաբաթ տեղի է ունեցել Կիևյան անվտանգության համաժողովը, որի ժամանակ գլխավոր թեմաներից մեկը եղել է ուկրաինացիների արտաքին քաղաքական և արժեքային կողմնորոշումների վերաբերյալ քննարկումը։ Ես հնարավորություն եմ ունեցել այնտեղ ելույթ ունենալու։ Մենք վերլուծել ենք սոցիոլոգիական հարցումների արդյունքները, որոնք մեզ ասում են, որ ուկրաինացիների արտաքին քաղաքական և արժեքային կողմնորոշումները մնում են կայուն։ Ուկրաինացիների բացարձակ մեծամասնությունը կողմ են, որ երկիրը շարունակի շարժվել դեպի ՆԱՏՕ, Եվրամիություն։ Ուկրաինացիների բացարձակ մեծամասնությունը ընդունում է, որ Ռուսաստանը ագրեսոր պետություն է։ Ուկրաինացիների բացարձակ մեծամասնությունը ընդունում է, որ Ուկրաինայում չկա քաղաքացիական պատերազմ, որ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ զինված ագրեսիա է իրականացնում։
«Ազատություն». Ձեր կանխատեսումը՝ ի՞նչ արդյունքներ կգրանցվեն երկուշաբթի։
Բասարաբ. Եթե վստահենք սոցոլոգիական ուսումնասիրությունների արդյունքներին, ապա կարող ենք կանխատեսել թեկնածու Զելենսկու համոզիչ հաղթանակը։ Բայց ես չէի ասի, թե սա նշանակում է, որ Ուկրաինան կգնա որևէ այլ ճանապարհով կամ դա չի նշանակի, որ նախագահը հնարավորություն կունենա հետ շրջել ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ ինտեգրումը։ Կբացատրեմ, թե ինչու։ Կուզենայի վերադառնալ ուկրաինացիների արտաքին քաղաքական և արժեքային կողմնորոշումներին։ Ինչպես Ուկրաինայի նորագույն պատմությունն է ցույց տալիս, նախագահներից ոչ մեկը չի կարողացել գործել հակառակ ուկրաինական հասարակության։ Ցանկացած նախագահ, ով չի ցանկացել լսել հասարակությանը և առաջնորդվել ուկրաինացիների արտաքին քաղաքական կողմնորոշումներով, համարժեք արձագանք է ստացել։ Օրինակների համար պետք չէ հեռու գնալ։ Եկեք հիշենք Արժանապատվության հեղափոխությունը։ Նախագահ Յանուկովիչը որոշ քայլեր արեց՝ Ուկրաինայի Եվրոպական հանրության հետ ինտեգրումը կասեցնելու համար և ուկրաինացիների կողմից զանգվածային բողոք ստացավ։ Նախագահ Զելենսկին ևս պետք է հաշվի առնի դա։ Ռուսաստանի՝ Ուկրաինայի տարածք ներխուժումից հետո, այս պատերազմի սկսվելուց հետո ուկրաինացիները չեն մտքափոխվել, ուկրաինացիները չեն սկսել ավելի շատ վախենալ։ Ընդհակառակը, ուկրաինացիները ավելի շատ հայրենասեր դարձան և դա մերկապարանոց հայտարարություններ չեն, դա այն է, ինչ մեզ ցույց է տալիս սոցոլոգիական ուսումնասիրությունների դինամիկան։ 2014 թվականից հետո կտրուկ աճել է ՆԱՏՕ-ի և Եվրամիության կողմնակիցների թիվը, կտրուկ աճել են հայրենասիրական տրամադրությունները, որոնք Ուկրաինայում միշտ էլ բարձր են եղել, իսկ 2014 թվականից հետո առավել ևս։