Մատչելիության հղումներ

«Ես Ձեր սխալն եմ, պարո՛ն նախագահ». Զելենսկին՝ Պորոշենկոյին


Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի 70 հազար տեղանոց Օլիմպիական մարզադաշտում մեկնարկել է երկրի քաղաքականության պատմության ընթացքում նախադեպը չունեցող բանավեճ՝ նախագահի աթոռի համար պայքարող երկու թեկնածուների՝ գործող նախագահ Պետրո Պորոշենկոյի և կատակերգու դերասան Վլադիմիր Զելենսկու միջև: Թեկնածուները բեմում իրար ողջունել են ձեռքսեղմամբ։

«Պարոն Պորոշենկո, 2014 թվականին ես քվեարկել եմ ձեր օգտին, իսկ այսօր ես կանգնած եմ այստեղ, և ես՝ ձեր սխալն եմ, պարոն նախագահ», ֊ հայտարարել է օրենսդիր և գործադիր մարմիններում երբեք որևէ պաշտոն չզբաղեցրած Զելենսկին: Նա խոսում էր՝ հաճախ ձեռքում պահած թղթերին նայելով։

«Եթե դուք իմանայիք, թե ինչ վիճակում եմ ես ընդունել պետությունը 2014 թվականին, առանց պահուստների, առանց բանակի, առանց բյուջեի, իսկ դուք այդ ժամանակ փող էիք ստանում ռուսասատանյան բյուջեից և Ուկրաինան որպես մարմնավաճառ ներկայացնում ձեր կատակներում», ֊ իր հերթին հայտարարել է Պորոշենկոն:

Մեկ ժամ տևած բանավեճի ընթացքում Պորոշենկոն մրցակցին մեղադրել է ռուսամետության, օլիգարխ Կոլոմոյսկու խամաճիկը լինելու, անփորձության և ռազմավարություն չունենալու մեջ:

Զելենսկին էլ պնդել է, որ անցած 5 տարիներին Պորոշենկոյի կառավարման հետևանքով Ուկրաինան հետընթաց է արձանագրել։ Եվ նույնիսկ եթե հաջողություններ եղել են՝ Եվրամիության հետ ազատ վիզային ռեժիմ, Ուկրաինական եկեղեցու անկախացում, բանակի կայացում, մայրենի լեզվի ամրապնդում, ապա դա չպետք է վերագրվի միայն Պորոշենկոյին։

Շոումենը խոստանում է «կոտրել համակարգը» և ստեղծել նորը՝ «տարբեր մտածելակերպ ունեցող նորմալ մարդկանցով»։

Սա դեմ առ դեմ ձևաչափով առաջին բանավեճն է Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուների միջև։ Բանավեճ անցկացնելու առաջարկը դերասանինն էր։

Մինչ այդ գործող նախագահը արդեն մեկ անգամ «բանավիճել է» մրցակցին հատկացված դատարկ հարթակի հետ. Զելենսկին այդ օրը չէր ներկայացել նախապես հայտարարված հանդիպմանը:

41-ամյա շոումենը, ում օգտին վերջին սոցհարցումների արդյունքներով պատրաստ է քվեարկել ընտրողների բացարձակ մեծամասնությունը, նախընտրական քարոզարշավի ընթացքում խուսափել է հեռուստատեսային թոք-շոուներից՝ հիմնականում նախընտրությունը տալով սոցիալական ցանցերին: Նա իր միակ մրցակցի հետ բանավիճել է միայն մեկ անգամ՝ ընդամենը մի քանի րոպեով, այն էլ՝ հեռախոսով, այլ ոչ թե դեմ առ դեմ:

Փորձագետները նկատում են, որ Ռուսաստանի հետ հակամարտող Ուկրաինայում, որը վերջին տարիներին ոչ միայն տարածքային, այլ նաև հազարավոր մարդկային կորուստներ է ունեցել, նախագահական ընտրությունների քարոզարշավը պայքար էր ոչ թե թեկնածուների ծրագրերի միջև, այլ «սև» տեխնոլոգիաների` որն ուղեկցվում էր ատելության և թշնամանքի խոսքով:

Քարոզարշավի ընթացքում թեկնածուներն իրար մեղադրել են ամենածանր հանցանքներում, անգամ ստիպել են իրար ալկոհոլից և թմրանյութերից կախվածության անալիզներ հանձնել։ Երկար սպասված այս բանավեճը, սակայն, փորձագետների գնահատմամբ որևէ էական նշանակություն չի ունենա թեկնածուների վարկանիշների համար: Մասնավորապես՝ չի խարխլի Զելենսկու դիրքերը, ով բանավոր մենամարտում թեև զիջում է փորձառու քաղաքական գործիչ և հռետորական արվեստին տիրապետող գործող նախագահ Պետրո Պորոշենկոյին, սակայն վերջին սոցհարցումների արդյունքներով մրցակցից մի քանի անգամ շատ աջակցություն է վայելում: Զելենսկու օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 73 տոկոսը, իսկ Պորոշենկոյի՝ ընդամենը 27 տոկոսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG