Մատչելիության հղումներ

«Բացառում եմ, որ ես երբևիցե կարող եմ կոռուպցիայի մեջ լինեմ». Դավիթ Սանասարյան


«Որևիցե կառույց չի կարող ինձ որևիցե կոռուպցիոն երևույթի հետ կապել», - այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանը։

«Ես ինքս սկզբունքորեն մերժում եմ ցանկացած կոռուպցիոն երևույթ, և հեգնողներին էլ ասեմ, որ գերեզմանում էլ լինեմ, իմ անունը պայքարելու է կոռուպցիայի դեմ», - ասաց Սանասարյանը՝ շարունակելով. - «Մի բան հասկանում եմ տարբեր շրջանակներում արծարծվող թեմաներից, այսինքն՝ փորձ են անում ստեղծել մի իրավիճակ, որ էմոցիոնալ շարժվելով ես պետք է դուրս գամ երկրի վարչապետի դեմ։ Նման բան չի կարող լինել, ես վստահում եմ վարչապետին։ Ես վստահում եմ, որ չի կարող այնպիսի բան լինել, որ երկրի վարչապետն իմ նկատմամբ քաղաքական հետապնդման ինչ-որ պատվեր է տվել, ես էս պահին բացառում եմ։ Թե որ մարմիններն, ինչ կուզենան առհասարակ, ես ձեզ հավաստիացնում եմ, որ Պետական վերահսկողական ծառայությունն ունի նման ֆունկցիաներ, որ շատերի ոտքերը կարող է տրորի՝ օրենքի շրջանակներում, իհարկե, և այս պարագայում շատերը չեն ցանկանա, որ մաքուր մարդ լինի, սկզբունքային մարդ լինի, երբևիցե որևիցե գործարքների մեջ չմտած մարդ լինի։ Ինքս իմ վստահ ու խիզախ քայլերի համար հայտնվել եմ քրեակատարողական հիմնարկում, հիմա էլ չեմ վախենում, որովհետև ես բացառում եմ, որ ես երբևիցե կարող եմ կոռուպցիայի մեջ լինեմ»։

Մի քանի օր է լրատվամիջոցները գրում են, որ Դավիթ Սանասարյանը որպես կասկածյալ է ներգրավվել Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) քննվող քրեական գործով: Սանասարյանը ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում է այս լուրերը։

«Դիմակներդ մի քիչ էլ պահեք, ուրախության առիթ չեք ունենալու, ողջ ու պինդ եմ. ամեն ինչ իր տեղն է ընկնելու կարճ ժամանակից, մնացածն ասուլիսի ընթացքում կասեմ», - ֆեյսբուքյան իր էջում գրել էր Սանասարյանը և հավելել, թե «ոչ մի վայրկյան չի դադարելու պայքարել հանուն Հայաստանի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG