Մատչելիության հղումներ

ՊՎԾ-ն հաստատում է, որ ծառայության երկու աշխատակից ձերբակալված է


Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) պնդում է՝ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից իրենց չորս աշխատակիցների ձերբակալության մասին լուրերը խեղաթյուրված են՝ այդուհանդերձ հաստատելով, որ ձերբակալվածների շարքում ՊՎԾ երկու աշխատակից կա:

«Քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են նաև Պետական վերահսկողական ծառայության երկու աշխատակից: Տեղեկացնում ենք, որ ծառայությունը այս օրերին ուսումնասիրություն է իրականացնում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, կապված է հեմոդիալիզի պարագաների ձեռք բերման գնումների գործընթացի հետ, և ուսումնասիրության ավարտին օրենքով սահմանված կարգով կտրվի համապատասխան ընթացք», - «Ազատությանը» փոխանցեց ՊՎԾ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Զարուհի Մեջլումյանը՝ հրաժարվելով հրապարակել ձերբակալված երկու աշխատակիցների անունները՝ ելնելով անմեղության կանխավարկածից:

Իսկ ահա Ազգային անվտանգության ծառայությունից չմեկնաբանեցին, թե ՊՎԾ երկու աշխատակիցներից բացի, կա՞ն այլ ձերբակալվածներ, ովքե՞ր են ԱԱԾ-ում հարցաքնվել և ո՞ր գործի շրջանակներում:

ԱԱԾ-ից միայն ասացին, որ առաջիկայում քննչական դեպարտամենտը հայտարարություն կտարածի:

Իսկ լրատվամիջոցներում շոշափվում էր, մասնավորապես Պետական վերահսկողական ծառայության, սոցիալական վերահսկողության վարչության պետ Դավիթ Ադյանի անունը, իբր նա ձերբակալված է:

«Ազատության» հետ հեռախոսազրույցում Դավիթ Ադյանը «ամբողջությամբ ապատեղեկատվություն» որակեց այդ լուրերը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ իր ձեռքի տակ եղած տեղեկություններն ԱԱԾ է փոխանցել, որովհետև վտանգ է տեսել, որ հեմոդիալիզի ծառայությունները հիվանդանոցներում կարող են ընդհատվել, ինչն էլ վտանգի տակ կդնի հիվանդների կյանքը:

Նախարարը տեղյակ չէ, թե արդյոք ԱԱԾ-ում քննվող գործն իր ներկայացրած նյութերի շրջանակներում է:

«Խնդիրը վերաբերում է բժշկական մի քանի կենտրոններում գնումների գործընթացին արտաքին միջամտությանը: Նախաքննական գաղտնիք չեմ ուզում բացահայտել: Հավանաբար իրավապահ մարմինները կհայտնեն դրա մասին: Հայաստանում հիմնականում մի քանի մատակարարներ կան այդ ոլորտում, սա որակի առումով աշխարհի լավագույն բրենդերն են: Նրանք են հիմնականում զբաղվել մատակարարումներով, քանի որ հենց նրանց սարքերով են կատարվել դիալիզի պրոցեդուրաները: Մենք Հայաստանում մոտ հազար պացիենտ ունենք, և մեր խնդիրն է ապահովել էդ բոլոր պացիենտների անվտանգությունը այդ պրոցեդուրան անցնելիս», - «Ազատության» հետ զրույցում ասաց Թորոսյանը՝ հավելելով, որ գործն ԱԱԾ ուղարկել իրենց «կասկածներն են ստիպել»:

Հեմոդիալիզի սաքրավորումներ ներկրող ընկերություններից՝ «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրենն օրերս «Հետք»-ին տված հարցազրույցում մեղադրանքների սլաքն ուղղելով ՊՎԾ-ի պետ Դավիթ Սանասարյանին, նշել էր, թե «պետական մակարդակով բիզնես են խլում»:

Տնօրենը ողջ օրվա ընթացքում չպատասխանեց «Ազատության» զանգերին: Այս մեղադրանքն «Ազատության» տաղավարում հերքել էր Սանասարյանն ու ընդգծել, թե իրենք մենաշնորհն են վերացրել․ - «Մենք ոչ թե «Ֆրեզեն» ՍՊԸ-ի աշխատանքն ենք ստուգում, մենք կոնկրետ տեսնում ենք պետական հիմնարկ, տվյալ դեպքում Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, տեսնում ենք, որ տարիներ շարունակ միանձնյա մատակարարում կա կոնկրետ էդ կազմակերպությունից: Ուզում ենք հասկանանք, թե որն է պատճառը: Տեսնում ենք, որ խտրական բնութագրեր են գրվել կոնկրետ ֆիրմայի համար: Բիզնես խլողի տպավորությո՞ւն ենք թողել մենք, անձամբ ես իմ հետագծով․․․ Ես կռիվ եմ տվել, որ ուրիշների բիզնեսը չխլեն: «Գնումների մասին» օրենք գոյություն ունի, էդ օրենքի տառը էկեք պահենք, դրանից հետո ով ուզում է թող շահի, մեզ չի հետաքրքրում»:

«Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Պիվազյանը «Հետք»-ին տված հարցազրույցւոմ նշել էր, թե ՊՎԾ-ի առաջարկով հեմոդիալիզի պարագաների մրցույթում փոփոխություներ են կատարել, ինչը կարող է հանգեցնել իրենց բիզնեսի փակմանը:

Իսկ ահա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանը, «Ազատության» հետ զրույցում հաստատեց տեղեկությսւնը, որ ինքը երեկ եղել է ԱԱԾ-ում, և ասաց, որ մրցությում կատարված փոփոխությունները հեմոդիալիզի սարքավորումների սպասարկման խնդիր է առաջացրել իրենց հիվանդանոցում:

«Նախկինում, երբ մի կազմակերպությունը իր սարքերի համար պարագա է մատակարարել, ստանձնել է նաև սարքերի սպասարկման պատասխանատվությունը: Այս պահին, երբ որ էդ մասը հանվեց, մասնակիցների քանակը ավելացավ, և տարբեր մասնակիցներ տարբեր պարագաներ հաղթեցին, ոչ մի կազմակերպությունը այլևս չի ուզում էդ սպասարկումը ապահովի, որովհետև բիզնես հետաքրքրություն չունի իր մասով: Իսկ հիվանդանոցի համար այդ հետաքրքրության պակասը կամ բացակայությունը բերում է նրան, որ մենք սպասարկումից զրկվել ենք էս պահի դրությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG