Մատչելիության հղումներ

Միհրան Պողոսյանի գործով «նախկինում չի եղել որևէ ճնշում, որևէ հրահանգ». գլխավոր դատախազ


Նախկին իշխանությունների օրոք դատախազության վրա ճնշումներ չեն եղել, այսօր Հակակոռուպցիոն հարցերով համաժողովից հետո, լրագրողների հարցին ի պատասխան, հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ 2017 թվականի ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվեց, և այն վերաբացվեց միայն հեղափոխությունից հետո՝ 2019-ի հունվարին, գլխավոր դատախազը պատասխանեց. - «Շատ լավ, հիմա նաև դա պարզաբանեմ՝ բազում առիթներ եմ ունեցել ասելու՝ քրեական գործով այս կամ այն որոշում կայացնելու հիմքերը, դրանք գործում առկա փաստական տվյալներն են։ Նույն Միհրան Պողոսյանի վերաբերյալ, երբ քրեական գործի վարույթը կարճվել է, վերջերս հրապարակվեց նրա նոր մեղադրանքի շրջանակը, եթե նկատեցիք, մենք այնտեղ նաև ունեինք դրվագներ հանցագործության, որոնք նախկին հարուցված քրեական գործի շրջանակներում դրանք չէին եղել։ Այսինքն, ի՞նչ տեղի ունեցավ՝ ունեցանք նոր հանգամանքներ, նոր տեղեկություններ, դրանցով հարուցվեց նոր քրեական գործ, և այդ քրեական գործի քննության ընթացքում ձեռք բերվեցին նոր ի հայտ եկած հանգամանքներ, որոնք առիթ հանդիսացան, որպեսզի ես դրանց հիման վրա վերացնեմ նախկինում կայացրած որոշումը»։

Մեկ այլ հարցի, թե չի՞ խոստովանում, որ հեղափոխությունից հետո ավելի անկաշկանդ է գործում, դատախազը պատասխանեց. - «Խոստովանություն բառը սխալ եք ընտրել, չի եղել որևէ ճնշում, որևէ հրահանգ, դա եղել է բացառապես քրեական գործի փաստական տվյալներով պայմանավորված։ Այսօրվա որոշումն էլ էլի պայմանավորված է փաստական տվյալներով»։

Նշենք, որ 2017-ին օֆշորի քրեական գործը կարճվել էր հանցակազմի բացակայության հիմքով։ Այն ժամանակ գործը հարուցվել էր ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հատկանիշներով։

ՀՔԾ-ն այս տարվա հունվարի 24-ին վերսկսեց օֆշորի քրեական գործի վարույթը։ Միհրան Պողոսյանը հրավիրվեց ՀՔԾ՝ հարցաքննության, սակայն չներկայացավ՝ պատճառաբանելով, որ արտերկրում է։ Սակայն ապրիլի 10-ին ՀՔԾ-ն հաղորդեց, որ Պողոսյանը պատրաստակամություն է հայտնել ներկայանալ հարցաքննության։

Ապրիլի 15-ին ՀՔԾ-ն հաղորդեց, որ Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին ղեկավարն օֆշորի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ։

Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ՀՔԾ միջնորդությունը և որոշում կայացրեց Պողոսյանին կալանավորելու վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG