Մատչելիության հղումներ

Միհրան Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ


Միհրան Պողոսյան, արխիվ

Պողոսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանն օֆշորի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, «Ազատության»-ը փոխանցեց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Ըստ ՀՔԾ-ի Պողոսյանին մեղադրանք է առաջադրվելՔրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

Ըստ մեղադրանքի, Միհրան Պողոսյանը, 2008թ. հունիսի 11-ից զբաղեցնելով Դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնն, իր անձնական անվտանգությունն ապահովող անձին նշանակել է ԴԱՀԿ ծառայության կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի առաջին կարգի խորհրդատուի, իսկ անձնական վարորդին` նույն բաժնի առաջատար խորհրդատուի պաշտոնին: Նրանք, որպես նշված բաժնի աշխատակիցներ, փաստացի աշխատանքի չեն հաճախել և համապատասխան պաշտոններից բխող պարտականություններ չեն իրականացրել, այլ կատարել են Միհրան Պողոսյանի անձնական բնույթի հանձնարարությունները, սակայն վերջինիս հանձնարարությամբ ստացել են աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ՝ ընդհանուր՝ 44.199.463 դրամի չափով:

«Արդյունքում` Միհրան Պողոսյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գումար` 44.199.463 ՀՀ դրամ: Բացի այդ, Միհրան Պողոսյանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, շահադիտական դրդումներով, օրենքով և կառավարության որոշումներով նախատեսված պահանջների խախտմամբ, ապրանքներ ձեռք բերելու և ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել վստահելի անձանց միջոցով իր կողմից կառավարվող, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ», - ասված է հաղորդագրությունում:

Այսպես, ըստ ՀՔԾ-ի, Միհրան Պողոսյանը 2011-2016թթ-ի ընթացքում իրեն վստահված պետական միջոցներով ԴԱՀԿ ծառայության կարիքների համար նախատեսված գնման գործընթացում իր կողմից 1997թ.-ին հիմնադրված, այնուհետև իբրև այլ կազմակերպությանը վաճառված, սակայն փաստացի իր կողմից կառավարվող` առևտրային գործունեություն իրականացնող «Քեթրին գրուպ» ՍՊ ընկերությունից ձեռք է բերել ընդհանուր 211.158.000 դրամ արժողությամբ 32 հատ «Բիդ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից 20 հատը՝ նույն ժամանակահատվածում իրական իրացման արժեքից շուրջ 20.000.000 դրամ ավելի բարձր գնով, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

«Ավելին, 2011թ.-ին Միհրան Պողոսյանը օտարերկրյա քաղաքացիների միջոցով Պանամայի Հանրապետությունում հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող «Հոփքինթեն թրեյդինքգ ինքորփորեյթիդ» և «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» ընկերությունները, իսկ նույն տարվա հոկտեմբեր ամսին նրա անմիջական մասնակցությամբ ընկերությունների օտարերկրացի տնօրենների փոխարեն համապատասխան պաշտոններում նշանակվել են Միհրան Պողոսյանի մտերիմ անձինք: Այնուհետև Միհրան Պողոսյանը վստահված անձանց միջոցով մասնակցել է Պանամայի օֆշորային գոտում գրանցված վերոհիշյալ կազմակերպությունների կառավարմանը, ինչի արդյունքում վերջիններս Հայաստանում հիմնադրել են այլ ընկերություններ, այդ թվում՝ «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ն», - ասված է հաղորդագրությունում:

Միհրան Պողոսյանը,ըստ ՀՔԾ-ի, ի պաշտոնե արտոնություններ և առավելություններ տրամադրելու եղանակով հովանավորելով նշված կազմակերպությանը, 2014թ. ապրիլի 17-ին փաստացի իր կողմից կառավարվող «Բեսթ ռեալթի» ՍՊ ընկերության հետ կնքել է անշարժ և շարժական գույքի գնահատման պայմանագիր, որի հիման վրա ընկերությունը 2014-2016թթ անշարժ և շարժական գույքի գնահատման ծառայություններ է մատուցել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը` Միհրան Պողոսյանի հովանավորչությամբ կատարելով գույքի գնահատումների գերակշիռ մասը, որի արդյունքում ՀՀ պետական բյուջեի՝ հարկադիր կատարման ծառայությանը հատկացված միջոցներից վերոհիշյալ ժամանակահատվածումնշված կազմակերպությանը վճարվել է 43.890.000 ՀՀ դրամ գումար:

Ծառայությունը նշում է, որ 13.04.2019թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Միհրան Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

«Նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործով նշանակվել են ֆինանսատնտեսական ստուգումներ և փորձաքննություններ` հնարավոր այլ չարաշահումները բացահայտելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:

Միհրան Պողոսյանը 2016-ի օֆշորային սկանդալի գործով հրավիրվել էր ՀՔԾ՝ հարցաքննության, սակայն չէր ներկայացել՝ պատճառաբանելով, որ արտերկրում է։ Սակայն ապրիլի 10-ին ՀՔԾ-ն հաղորդեց, որ Պողոսյանը պատրաստակամություն է հայտնել ներկայանալ հարցաքննության։

ՀՔԾ-ն այս տարվա հունվարի 24-ին է վերսկսել այս գործի վարույթը։ 2017-ի հունվարին քրեական գործը՝ կարճվել էր հանցակազմի բացակայության հիմքով։ Գործը հարուցվել էր ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հատկանիշներով։ Դրա համար հիմք էր հանդիսացել «Հետք»-ի հրապարակումն այն մասին, որ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների միջոցով բիզնես է արել, պաշտոնն օգտագործել է սեփական գործի զարգացման համար՝ թաքցնելով եկամուտները։

Միհրան Պողոսյանի ու նրա բարեկամների անունները հայտնվել էին ներկա ու նախկին պաշտոնյաների, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունների կողքին:

Քրեական գործի հարուցումից մեկ ամիս անց Պողոսյանը հրաժարական տվեց ԴԱՀԿ ծառայության ղեկավարի պաշտոնից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG