Մատչելիության հղումներ

Փաշինյան․ Ոստիկանության աշխատողների աշխատավարձը բարձրացվել է միջինը 20 տոկոսով


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանությունում, արխիվ

Ոստիկանության աշխատողների աշխատավարձը բարձրացվել է միջինը 20 տոկոսով: Այդ մասին չորեքշաբթի օրը Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ի դեպ, անցյալ տարվա ապրիլի 16-ի մասին տեսանյութում երևում է, որ փշալարերի առաջ կանգնած հստակ խոստացել էի, որ ոստիկանների աշխատավարձը կբարձրանա: Ընդգծեմ, որ խոստումը կատարված է և ոստիկանության աշխատողների աշխատավարձը բարձրացվել է միջինը 20 տոկոսով», - նշում է վարչապետը՝ շարունակելով․ - «Բացի այս՝ պարգևատրումների նոր համակարգով հիմա ոստիկանության աշխատակիցներ կան, ովքեր իրենց աշխատավարձը կրկնակի, երբեմն եռակի գերազանցող աշխատավարձ են ստանում: Սա այն դեպքում, երբ կոնկրետ հանցագործություններ են բացահայտվում՝ իրենց անձնական ջանքերի շնորհիվ»:

Փաշինյանը հիշեցնում է, որ «մինչև 30 տոկոսով բարձրացել է պոլիկլինիկաների աշխատողների աշխատավարձերը, շուրջ 208 հազար մարդու աշխատավարձ բարձրացել է նախորդ տարվա հուլիսի 1-ից՝ կուտակային կենսաթոշակների համակարգում արված փոփոխությունների արդյունքում, այս տարի հուլիսի 1-ից բարձրանում է զինվորականների աշխատավարձը, այս տարի սեպտեմբերի 1-ից բարձրանում է ուսուցիչների աշխատավարձը, 82 հազար նպաստառու և թոշակառուի թոշակները և նպաստներն են բարձրացել»:

«Պետական բյուջեի եկամտային մասը առաջին եռամսյակում գերակատարվել է 4 տոկոսով, գրանցված աշխատատեղերի թիվը ավելացել է շուրջ 50 հազարով, որը աշխատաշուկայի մոտ 9 տոկոսն է», - նաև տեղեկացնում է վարչապետը:

«Առաջիկայում (նաև հետագայում) կանդրադառնամ իմ տված բոլոր խոստումներին և դրանց կատարման ընթացքին», - վստահեցնում է Նիկոլ Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG