Մատչելիության հղումներ

Արման Մկրտումյանի նկատմամբ ավազակային հարձակման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է


Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյան, արխիվ
Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյան, արխիվ

Արման Մկրտումյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ավազակային հարձակման դեպքի առթիվ քննված քրեական գործի նախաքննությանն ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Գ. Դ.-ն ընկերոջ՝ Հ. Ռ.-ի և դստեր ամուսնու` Մ. Մ.-ի հետ նախնական համաձայնության են եկել` ավազակային հարձակմամբ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի ընտանիքին պատկանող գույքը հափշտակելու նպատակով, հաղորդում է Հատուկ քննչական ծառայությունը:

Ըստ ՀՔԾ-ի՝ հանցանքն իրականցնելու նպատակով այդ անձինք ապօրինի կերպով ձեռք են բերել ու պահել «ԱԿՄ» տեսակի երկու ինքնաձիգ և ինքնաշեն ատրճանակ:

«Պայմանավորվածության համաձայն՝ Գ. Դ.-ն հանցակիցների հետ 2018 թվականի օգոստոսի 28-ին զինված և դիմակավորված մուտք են գործել Արման Մկրտումյանին պատկանող, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող առանձնատան բակ: Այնտեղ, հանդիպելով Արման Մկրտումյանի և նրա որդու դիմադրությանը, Գ. Դ.-ն, Հ. Ռ.-ն և Մ. Մ.-ն` ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, ինքնաձիգներից կրակոցներ են արձակել Մկրտումյանների ուղղությամբ, սակայն վերջիններիս կյանքից զրկելու հանցավոր մտադրությունը ավազակային հարձակում գործած անձանց կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել, քանի որ տուժողներն ակտիվ դիմադրություն են ցուցաբերել», - ասված է ՀՔԾ հաղորդագրությունում:

Կրակոցների հետևանքով Արման Մկրտումյանի առողջությանը պատճառվել է միջին ծանրության, իսկ նրա որդուն՝ մարմնական վնասվածքներ:

Գ. Դ.-ին ու Հ. Ռ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 2-րդ մասի 1-ին, 3-րդ ու 4-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին ու 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասով, իսկ Մ. Մ.-ին` 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ ու 4-րդ կետերով և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 7-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Հիշեցնենք, Քննչական կոմիտեն 2018 թվականի օգոստոսի 29-ին հաղորդել էր, որ օգոստոսի 28-ին՝ ժամը 22-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող՝ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան տարածք են մուտք գործել դիմակավորված ու զինված երեք անձ։

Ավազակային հարձակման արդյուքում Վճռաբեկ դատարանի նախկին նախագահը հրազենային վնասվածք էր ստացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG