Մատչելիության հղումներ

Մոսկվայի դատարանը նորվեգացի պաշտոնաթող զինվորականին մեղավոր ճանաչեց լրտեսության համար


Նորվեգացի պաշտոնաթող զինվորական Ֆրուդե Բերգը Մոսկվայի դատարանում, արխիվ
Նորվեգացի պաշտոնաթող զինվորական Ֆրուդե Բերգը Մոսկվայի դատարանում, արխիվ

Հայաստանի հետ սերտ կապեր ունեցող նորվեգացի պաշտոնաթող զինվորական Ֆրուդե Բերգն առաջիկա 14 տարիները կանցկացնի ռուսական ուղղիչ աշխատանքային գաղութում. Մոսկվայի քաղաքային դատարանը նախօրեին նրան մեղավոր ճանաչեց լրտեսության համար:

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը պնդում է, որ Բերգը մարդասիրական նպատակներով իրականացվող այցելությունների քողի ներքո տարիներ շարունակ տեղեկություններ է հավաքել ռուսական ատոմային սուզանավերի մասին:

Ուշագրավ է, ի դեպ, որ Բերգի մեղադրական եզրակացության մեջ քննիչները պնդում են, թե ատոմային նավատորմի մասին գաղտնի տեղեկությունները նորվեգացուն փոխանցել է նախկին մոսկվացի թաղային 24-ամյա Ալեքսեյ Ժիտնյուկը:

Բերգը ռուսական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում հայտնվեց մի քանի տարի առաջ` Ռուսաստան կատարած այցելությունների ընթացքում: Նշենք, սակայն, որ մինչև Ռուսաստան մեկնելը, Բերգի ճամփորդությունների հիմնական ուղղությունը Հայաստանն էր:

Մեր երկրում Ֆրուդե Բերգն ուսումնասիրում էր անցած դարի 20-ականներին Ֆրիտյոֆ Նանսենի կողմից իրականացված մարդասիրական առաքելության մասին տեղեկությունները:

Ձերբակալությունից մի քանի տարի առաջ, օրինակ, Բերգը հանդիպել էր Ցեղասպանությունը վերապրածներից մեկի` 107-ամյա Եպրաքսյա Գևորգյանի հետ, որն, ըստ նորվեգացու, Ֆրիտյոֆ Նանսենի` 1925 թվականին Հայաստան կատարած այցի վերջին ողջ մնացած ականատեսն էր:

Հավելենք նաև, որ Ֆրուդե Բերգի ազատության մեջ գտնվելու ընթացքում արված ֆեյսբուքյան գրառումների գրեթե կեսն այս կամ այն կերպ առնչվում էին Հայաստանին` Խոր Վիրապի և Արարատի լուսանկարներ, Հյուսիսային պողոտայում արված սելֆի, Ղարաբաղի մասին երգի հղում:

Դատելով սոցիալական ցանցերում արված գրառումներից` 2014-ի ամռանը Բերգն այցելել էր նաև Լեռնային Ղարաբաղ:

Նորվեգական իշխանություններն ի սկզբանե խիստ թերահավատորեն էին վերաբերվում իրենց հայրենակցին ներկայացված մեղադրանքին` ենթադրելով, որ նրա ձերբակալությունը կարող է յուրատեսակ դիվանագիտական ուղերձ լինել պաշտոնական Օսլոյին` Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների հարցում որդեգրած բավական կոշտ դիրքորոշման և ՆԱՏՕ-ում ակտիվ դերակատարության համար:

Դատավճռի հրապարակումից հետո Բերգի փաստաբան Իլյա Նովիկովը նշում էր, որ իր պաշտպանյալը Մոսկվայի քաղաքային դատարանի վճիռը չի բողոքարկելու, այլ միանգամից դիմելու է Ռուսաստանի նախագահին` ներման խնդրագրով:

«Մենք որևէ բան չենք կարող անել, որպեսզի նախագահ Պուտինը Բերգի խնդրագիրը քննության առնի արագացված կարգով: Դրան, սակայն, հնարավոր է հասնել որոշակի դիվանագիտական ջանքերի շնորհիվ», - նշում էր փաստաբանը:

Արդյո՞ք Վլադիմիր Պուտինը պատրաստ է բավարարել Ֆրուդե Բերգի ներման խնդրանքը: Անցած շաբաթ Պետերբուրգում ընթացող «Արկտիկական համաժողովի» ընթացքում նորվեգացի լրագրողները Ռուսաստանի նախագահին այս հարցն ուղղեցին՝ բավական սպասելի պատասխան ստանալով:

«Ներել կարելի է մարդու, որն արդեն դատապարտված է: Բերգը դեռևս դատապարտված չէ», - նշում էր Ռուսաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG