Նորվեգական մամուլն այս մասին տեղեկացրեց երեկ` 62-ամյա Բերգի ձերբակալության մասին տեղեկատվության պաշտոնական հաստատումից հետո:
Լրտեսական այս սկանդալի մասին օրերս առաջինը հաղորդել է Նորվեգիայի հանրային NRK հեռուստաալիքը: Երեկ արդեն գործի վերաբերյալ որոշ մանրամասները հաղորդեց Մոսկվայի Լեֆորտովոյի շրջանի դատարանի մամուլի խոսնակ Եկատերինա Կրասնովան:
«Նորվեգիայի քաղաքացի Ֆրուդե Բերգի հանդեպ որպես խափանման միջոց ընտրվել է երկամսյա կալանքը: Բերգը կասկածվում է Ռուսաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն` լրտեսական գործունեություն իրականացնելու մեջ: Բերգը արդեն իսկ բողոքարկել է կալանքի մասին դատարանի որոշումը», - նշել է Լեֆորտովոյի շրջանային դատարանի խոսնակը:
ФСБ-ի ներկայացուցիչները պնդում են, որ Մոսկվա կատարած այցելություններից մեկի ժամանակ Բերգը հավաքագրել է 24 ամյա նախկին թաղային Ալեքսեյ Ժիտնյուկին, ում միջոցով կարողացել է գաղտնի տեղեկատվություն ստանալ Ռուսաստանի ռազմածովային ուժերի մասին` հետագայում փոխանցելով Նորվեգիայի և Միացյալ Նահանգների հատուկ ծառայություններին:
«Ժիտնյուկը ևս ձերբակալված է», - հաղորդում են ռուսաստանյան լրատվամիջոցները: Մոսկովյան մամուլի տեղեկություններով, Ֆրուդե Բերգը հաճախ էր այցելում Մոսկվա, նաև ռուս ընկերներ ուներ: Նրա ձերբակալությունից անմիջապես հետո Բերգի ընտանիքի անդամները նույնիսկ չէին էլ պատկերացնում, որ նրան կարող է նման լուրջ մեղադրանք առաջադրվել:
«Սկզբում նրա ընտանիքը հույս ուներ, որ տեղի ունեցածը թյուրիմացություն է և կհանգուցալուծվի», - նորվեգական հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշում է Ֆրուդե Բերգի ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբան Բրինյուլֆ Ռիսնեսը:
«Հետագայում ի հայտ եկած տեղեկատվությունից սակայն պարզ դարձավ, որ ամեն ինչ գնալով լրջանում է, և նրան մեղադրում են լրտեսության մեջ», - պնդում է փաստաբանը:
Նորվեգիայում չեն բացառում, որ Բերգի դեմ հարուցված գործն իրականում պաշտոնական Օսլոյին պատժելու միջոց է` Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հարցում բավական կոշտ դիրքորոշում որդեգրելու և Հյուսիսատլանտյան դաշինքի ներսում ակտիվ դերակատարություն ունենալու համար:
Բերգի ընտրությունը որպես հետապնդման թիրախ ևս պատահական չէ: Մինչև 2014 թվականը նա երկրի սահմանապահ ծառայության սպա է եղել` ծառայելով Ռուսաստանի հետ պետական սահմանի մի շարք ուղեկալներում:
Դեռ ծառայության վերջին տարիներին նա սկսել է ակտիվորեն ճանապարհորդել: Ճամփորդությունների հիմնական ուղությունը, ի դեպ, Հայաստանն էր, որտեղ Ֆրուդե Բերգը ուսումնասիրում էր անցած դարի 20-ականներին Ֆրիտյոֆ Նանսենի կողմից Հայաստանում իրականացված մարդասիրական առաքելության մասին փաստերը: Մի քանի տարի առաջ Բերգը հանդիպել էր նույնիսկ Ցեղասպանությունը վերապրածներից մեկի` 107-ամյա Եպրաքսյա Գևորգյանի հետ, ով, ըստ նորվեգացու, Ֆրիտյոֆ Նանսենի`1925 թվականին Հայաստան կատարած այցի վերջին ողջ մնացած ականատեսն էր:
Ընդհանրապես, պետք է նկատել, որ Ֆրուդե Բերգի ֆեսյբուքյան գրառումների գրեթե կեսը այս կամ այն կերպ առնչվում է Հայաստանին` Խոր Վիրապի և Արարատի լուսանկարներից մինչև Հյուսիսային պողոտայում արված սելֆին և Ղարաբաղի մասին երգի Youtube-ի հղումը: Ի դեպ, դատելով սոցիալական ցանցերում արված գրառումներից` 2014-ի ամռանը Բերգը այցելել է նաև Լեռնային Ղարաբաղ:
Նույն 2014-ին Ֆրուդե Բերգը անցնում է թոշակի և մշտական բնակություն հաստատում Ռուսաստանի սահմանից ութ կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կիրկենես քաղաքում: Այստեղ նա հայտնի էր որպես Ռուսաստանի հետ սահմանային համագործակցության սերտացման ամենաեռանդուն ջատագովներից մեկը: Մոտ մեկ տարի առաջ Ռուսաստանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Բերգը նշել էր․ - «Սահմանային համագործակցությունն ինձ համար նախևառաջ խաղաղություն է նշանակում: Համագործակցությունը կանխատեսելի միջավայր է ստեղծում, ինչը Ռուսաստանի հետ հարաբերություններում շատ կարևոր է»:
Կիրկենեսում լույս տեսնող Barents Observer պարբերականը գրում է, որ Բերգը բազմաթիվ ռուս ընկերներ ուներ, նաև՝ ФСБ-ի սահմանապահ ծառայության աշխատակիցների շրջանում: Բացի այդ, ըստ պարբերականի, նա անցած տարի մասնակցում էր բողոքի այն գործողություններին, որոնց մասնակցիները ակտիվորեն պայքարում էին ռուս-նորվեգական սահմանի երկայնքով ցանկապատի կառուցման դեմ: Վերջին երկու տարիներին Բերգը Կիրկենեսի մի շարք բնակիչների հետ միասին համագործակցում էր Կարմիր խաչի հետ` մարդասիրական օգնություն տրամադրելով Ռուսաստանից Նորվեգիա անցնել փորձող սիրիացի փախստականներին: