Ռուսաստանի դատարանը 63-ամյա նորվեգացի Ֆրոդե Բերգին լրտեսության մեղադրանքով դատապարտել է 14 տարվա ազատազրկման:
Մոսկվայի քաղաքային դատարանը դռնփակ նիստում վճռել է, որ նորվեգացին պետք է պատիժը կրի խիստ ռեժիմի քրեակատարողական հիմնարկում:
Բերգը, ով նախկինում աշխատել է որպես տեսուչ ռուս-նորվեգական սահմանին, Ռուսաստանի Անվտանգության դաշնայկին ծառայության կողմից ձերբակալվել է 2017 թվականի դեկտեմբերին Մոսկվայում:
Նա չի ընդունել մեղադրանքը: Ապրիլի 9-ի դատական նիստում դատախազ Միլանա Դիգաևան հայտարարել է, որ Բերգին բռնել են հանցագործության վայրում, երբ նա պետական գաղտնիք հանդիսացող փաստաթղթեր է ստացել ռազմական հաստատության աշխատակից Ալեքսեյ Ժիտնյուկից: Վերջինս անցյալ տարվա դեկտեմբերին դավաճանության մեղադրանքով դատապարտվել է 13 տարվա ազատազրկման:
Բերգի փաստաբաններն ասել են, թե իրենց պաշտպանյալն ընդունել է Նորվեգիայի ռազմական հետախուզության սուրհանդակ հանդիսանալու փաստը, սակայն պնդում է, որ ոչ մի տեղեկություն չի ունեցել իրականացվող գործողության բնույթի մասին և համոզված է եղել, որ միայն փող է փոխադրում: