Մատչելիության հղումներ

Սուդանի առաջնորդը կրկին փոխվել է. ռազմական խորհուրդը ղեկավարում է մեկ այլ գեներալ


Սուդան - Ցուցարարները Խարթումի փողոցներում, 12-ը ապրիլի, 2019թ․

Սուդանում նախագահ Օմար ալ-Բաշիրի հրաժարականից մեկ օր անց փոխվել է երկրի ժամանակավոր կառավարումը ստանձնած ռազմական խորհրդի ղեկավարը: Սուդանի պաշտպանության նախարար Ավադ իբն Աուֆը հայտարարել է պաշտոնը լքելու և լիազորությունները գլխավոր շտաբի ղեկավար գեներալ Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանին փոխանցելու մասին:

Ռազմական գերատեսչության ղեկավարի հրաժարականն էին պահանջում մայրաքաղաք Խարթումի փողոցներում բողոքի ցույցերի հազարավոր մասնակիցները, ովքեր չնայած նախագահ ալ-Բաշիրի հրաժարականին՝ մտադիր չեն ցրվել և այժմ էլ պահանջում են, որպեսզի իշխանությունը զինվորականներից հնարավորինս արագ փոխանցվի քաղաքացիական կառավարությանը:

Զինվորականներն ավելի վաղ հայտարարել են, որ նախատեսում են երկու տարի կառավարել երկիրը, որպեսզի ազատ ընտրություններ նախապատրաստեն, քաոսից խուսափելու նպատակով: Սակայն նրանք նաև համաձայնել են երկխոսություն սկսել հակակառավարական ուժերի հետ:

Երեք տասնամյակ՝ 1989 թվականի ռազմական հեղաշրջումից հետո երկիրը ղեկավարող 75-ամյա ալ-Բաշիրը հրաժարական է տվել ապրիլի 11-ին:

Օմար ալ-Բաշիրին Հաագայի դատարանը կասկածում է պատերազմական հանցագործությունների և Սուդանի Դարֆուր նահանգում ցեղասպանություն իրականացնելու մեջ: ՄԱԿ-ի տվյալներով՝ 2003 թվականին Դարֆուրի հակամարտության ընթացքում 300 հազար մարդ է զոհվել: Ալ-Բաշիրի նկատմամբ Միջազգային քրեական դատարանը հետախուզում է հայտարարել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG