Չնայած Սուդանում արտակարգ դրություն և պարետային ժամ է հայտարարվել, հազարավոր ցուցարարներ գիշերը մնացել են մայրաքաղաք Խարտումի փողոցներում: Նրանք շարունակում են ցույցերը, քանի որ նախագահին տապալելուց հետո իշխանությունը վերցրել է ռազմական խորհուրդը: Ցուցարարների խոսքերով ռազմական խորհուրդը նույն ռեժիմի մի մասն է:
Վերլուծաբանները չեն բացառում, որ բանակը կարող է ուժ գործադրել ցուցարարների դեմ: Նաև վտանգ կա, որ անվտանգության ուժերի մի մասն ու զինվորականները զենքերը կարող են ուղղել միմյանց դեմ:
Այսօր ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը դռնափակ նիստում քննարկելու է Սուդանում ստեղծված իրավիճակը: Մինչ նիստը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը բոլոր կողմերին հանդարտության և զսպվածության կոչ է արել, ՄԱԿ-ը և Աֆրիկյան միությունը կողմերին հանդարտության կոչ են արել:
Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթն ասել է, թե երկամյա ռազմական խորհուրդը լուծում չէ և կոչ է արել արագ անցնել ներկայացուցչական ու քաղաքացիական կառավարման:
Ռուսաստանը հանդարտության կոչ է արել, ասելով թե հետևում է իրավիճակին:
Երեկ Սուդանի պաշտպանության նախարար, անվտանգության խորհրդի ղեկավար Ավադ իբն Օութը հայտարարեց երկրի նախագահ Օմար ալ-Բաշիրին պաշտոնից հեռացնելու ու ձերբակալելու մասին: Նա արտակարգ դրություն մտցրեց, հայտարարեց, որ սահմանադրությունը չի գործում, 24 ժամով փակեց Սուդանի օդային տարածքը, իսկ մինչ նոր ընտրությունները՝ երկու տարի անցումային շրջանում երկրի կառավարումը իր ձեռքը վերցրեց ռազմական խորհուրդը:
Ռազմական խորհուրդը հայտարարել է, որ օդային տարածքն այսօր կբացի, բայց ցամաքային ու ծովային սահմանները դեռևս փակ կմնան: Սուդանի ծովային սահմանները Կարմիր ծովի հետ են, որը Սուեզի նեղուցով կապվում է Միջերկրականի հետ, դա Եվրոպա-Ասիա ծովային ամենակարճ ուղին է:
Հեղաշրջումից հետո իշխանությունը վերցրած պաշտպանության նախարար Ավադ իբն Օութը երկրի առաջին փոխնախագահն էր: 21-րդ դարի սկզբին Սուդանի Դարֆուրի շրջանում տեղի ունեցած կոտորածների ժամանակ նա ռազմական հետախուզության ղեկավարն էր: Նա կասկածվում է վայրագություններին աջակցելու մեջ և 2007 թվականին ԱՄՆ-ն նրա հանդեպ պատժամիջոցներ էր սահմանել: Ձերբակալված նախագահ Օմար ալ-Բաշիրը երեք տասնամյակ Սուդանի ղեկավարն էր, նա նույնպես կասկածվում է Դարֆուրում իրականացված ռազմական հանցագործությունները կազմակերպելու մեջ: Ալ-Բաշիրի նկատմամբ միջազգային դատարանը հետախուզում է հայտարարել:
Սուդանում իշխանությունը վերցրած զինվորականները չեն պատրաստվում ձերբակալված նախագահին հանձնել միջազգային արդարադատությանը:
«Մենք նրան այստեղ կդատենք, բայց չենք արտահանձնի»,- հայտարարել է Ռազմական խորհրդի քաղաքական թևի ղեկավար գեներալ Օմար Զաին ալ-Աբիդենը: