Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրը հրաժարական է տվել, հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով իր աղբյուրները:
Շուրջ երեք տասնամյակ երկիրը ղեկավարող 75-ամյա ալ-Բաշիրը ներկայումս տնային կալանքի տակ է:
Աֆրիկայի հյուսիս-արևելքում գտնվող այդ երկրում հակակառավարական ցույցեր են սկսվել անցյալ տարվա դեկտեմբերին, ցուցարարները փողոց են դուրս եկել հացի գների կտրուկ բարձրացման դեմ: Բազմամարդ հանրահավաքների մասնակիցները քիչ անց սկսեցին պահանջել իշխանությունների՝ մասնավորապես երկրի երկարամյա նախագահի հրաժարականը:
1989 թվականին ռազմական հեղաշրջումից հետո իշխանության եկած Օմար ալ-Բաշիրին Հաագայի դատարանը կասկածում է պատերազմական հանցագործությունների և Սուդանի Դարֆուր նահանգում ցեղասպանություն իրականացնելու մեջ: ՄԱԿ-ի տվյալներով՝ 2003 թվականին Դարֆուրի հակամարտության ընթացքում 300 հազար մարդ է զոհվել: Ալ-Բաշիրի նկատմամբ Միջազգային քրեական դատարանը հետախուզում է հայտարարել: